Այն, ինչ հիմա անում են Հայաստանի իշխանությունները, ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Վերջերս ինքը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին–խմբ) փաստորեն գտել էր պարզաբանումը, որ 2019-ին սեպտեմբերի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, երբ աղաղակում էր «Արցախը Հայաստան է և վերջ», ինքը դա արել է, որ մշուշը վերանա մեր աչքերի առաջից։ Իր ասելով այդպես է, բայց իրականում, այո, ինքը այդ օրը հենց մեկնարկը դրեց Հայաստանի թուլացման, խեղճացման և հնարավորություններ ստեղծեց թշնամի պետությունների համար, որպեսզի պահանջներ դնեն Հայաստանի նկատմամբ, այն ինչ հիմա որ մենք տեսնում ենք։

Արցախի հարցի լուծումից և մեր բնական իրավունքը վերականգնելուց հրաժարվելու պարագայում, այսօր մենք տեսնում ենք ուղիղ խոսքը, հա ադրբեջանական կողմի և պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Վերջերս նաև Բաքվի բռնապետը հայտարարում էր, որ կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը որպես գործընթացի քաղաքական հիմք պիտի վերցնի նոյեմբերի 9–ինը հայտարարությունը։ Այսինքն իրենք այդ հայտարարության որևէ կետ չպահպանելով, կենտրոնացել են նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետի վրա, և բոլոր գործընթացները, որ հիմա տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության շուրջ, ամբողջովին սկսվել է Արցախի հարցի հրաժարումից, և դրա համար էլ մենք հիմա այս իրավիճակում ենք»,–ասաց նա։

Մետաքսե Հակոբյանը խոստովանեց, որ միջազգային տարբեր կառույցներ շատ էլ հետաքրքրված չեն Արցախի ու արցախահայության խնդիրներով. «Այո, միջազգային կառույցներում շատ դերակատարների հետ հանդիպումների ընթացքում, ամենակարևոր բանը, որ կա մեր իրավիճակի հետ պայմանավորված, դա մեր իրավունքների պահպանումն է, վերականգնումն է։ Այսինքն բոլոր կառույցներում, բոլոր դերակատարներում միանշանակ փաստում են, որ Արցախ վերադարձը դա մեր իրավունքն է և այն պիտի վերականգնվի։ Այդ գործընթացի մեջ իրենք որևէ խնդիր չեն տեսնում, և միակ խնդիրը, որպես այդպիսին, տեսնում են ներկայիս Հայաստանի Հանրապետության իշխանություններին»։

Նա ցավով նկատեց, որ այսօր չի տեսնում արցախահայության միասնական ճակատ, որ միակամ կանգնեն իրենց իրավունքների պաշտպանության համար. «Դա ամենացավալին է, և դա ամենամեծ հնարավորությունն է, որ այսօր ունեն գործող իշխանությունները, որովհետև ստացվում է, որ բոլորս խոսում ենք նույն բանի մասին, թվում է, թե ուզում ենք նույն բանը, բայց բոլորս իրարից անջատ ենք գործում։ Ես միանշանակ գիտակցում եմ, որ այո, մենք չենք հաջողելու երբևէ, քանի դեռ յուրաքանչյուր տարբեր հանրության ներկայացուցիչներ ենք որպես հանդես գալիս»։