Սեպտեմբերի 2–ը ոչ միայն Արցախահայության, այլ Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում նշանավոր օր է, մեր նորագույն պատմության ամենանշանավոր օրերից մեկն է, երբ արցախահայությունը հռչակեց իր անկախության գործընթացի սկսման մասին և որը ավարտին հասցվեց 1991–ի դեկտեմբերի 10-ին՝ հանրաքվեով։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ինձ համար սա և՛ հիշողություն է, և՛ պայքար է խորհրդանշում։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ ի տարբերություն շատերի կամ ոմանց, որոնք կարծում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, ես և մեր քաղաքական ուժը գտնում ենք, որ Արցախը ադրբեջանական օկուպացիայի տակ է, ինչպես թուրքական օկուպացիայի տակ է Հյուսիսային Կիպրոսը, այնպես էլ ադրբեջանական օկուպացիայի տակ է Արցախը։
Բայց քանի դեռ Հայաստանում իշխում է մի ռեժիմ, որի համար Արցախը այլևս Ադրբեջան է և որի համար Արցախի էջը և Ղարաբաղյան շարժման էջը փակված է, մենք չենք կարող այսօր որևէ լավատեսական գնահատականներ հնչեցնել։ Ես ուզում եմ փառք ու պատիվ հղել բոլոր նահատակներին, Եռաբլերում ննջողներին, Արցախում ննջողներին։ Կարծում եմ, որ մեր քաղաքականության մեջ մնալու նաև առաքելություններից մեկը պետք է լինի նա, որ մեր ապագա սերունդներին ասենք, որ Արցախի պայքարը, Արցախի հերոսամարտը, Արցախյան գոյամարտը մեր ժողովրդի հավաքական հայ ազգի և Հայաստանի ու Արցախի քաղաքացիների մեծ հաղթանակն էր։ Եվ դա մեր փառավոր էջն էր։
Երբ ազգի փառավոր էջը Հայաստանի կառավարիչը անվանում է թոկ, սա պրոբլեմ է։ Ես, իհարկե, շատ լավ հասկանում եմ, որ ժողովուրդների պատմությունը ընթացքում լինում են վերելքներ և վայրէջքներ։ Այսօր մենք ոչ միայն վայրէջքի, այլ գահավիժման փուլում ենք, բայց նույնիսկ գահավիժման ժամանակ մենք պետք է ճշմարտության դեմ չգնանք, պետք է մեր մեջ ուժ գտնենք և ասենք, որ այո, Արցախը օկուպացված է։ Իհարկե, այսօր գործնականում հնարավորություն չկա Արցախը վերաազատագրելու, Արցախ վերադառնալու, քանի դեռ Ալիևն ու Փաշինյանը և նրանց հովանավորները այս քաղաքական օպերայի մեջ են»,– հայտարարեց նա։
Հարցին՝ ի՞նչ է պետք անել Արցախի հարցը, արցախայերի վերադարձի հարցը միջազգային օրակարգում պահելու համար, Շարմազանովը պատասխանեց. «Ինչքան էլ ընդդիմադիր ուժերը, ազգային գործիչները, սփյուռքահայ մեր գործիչները պայքարեն արցախահայության վերադարձի համար, իհարկե դա բավարար չէ։ Մենք կարողացել ենք 30 տարի շարունակ Արցախահայերի դատին սատար կանգնել ինքնորոշման իրավունքին, որովհետև պետությունը, անկախ նրանից ՀՀՇ-ն է եղել, Հանրապետականը, թե այլ ուժ, պետության հիմնական քաղաքականությունը ուղղված է եղել Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը։ Իսկ այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը, որը 20 թվականի հուլիսին ինքն է ստորագրել Ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ սևով սպիտակի վրա նշված է, որ ՀՀ–ն համարվում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և նույն երաշխավորը 22 թվականի հոկտեմբերի 6–ին Պրահայում Արցախը ճանաչում է Ադրբեջանի անբաժան մաս, սա լուրջ պրոբլեմ է։
Պետք չի այս իշխանությունից ունենալ դրական սպասելիքներ։ Հետևաբար, մի կողմից մենք պետք է, այո, խոսենք արցախահայերի իրավունքների մասին, Արցախի օկուպացիայի մասին, Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զրկման մասին, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը այսօր ավելին չկորցնելն է։ Եթե Աստված չանի, իշխող ռեժիմին հաջողվի Անկախության հռչակագիր հանել, ալիևյան սահմանադրությունը ընդունել, ես կարծում եմ դա գրեթե անշրջելի կդարձնի Եռաբլուրում ննջողների պայքարը։
Դա կարելի է կանխել դիմադրությամբ, համախմբմամբ, այլընտրանքներ առաջարկելով, բայց կրկնում եմ, քանի դեռ այս ռեժիմն է իշխանության, ոնց որ բոլշևիկյան ռեժիմից մենք պահանջեինք Սևրի պայմանագրի կատարում կամ Սարդարապատի հերոսների հերոսացում։ Միակ փրկությունն այն է, որ պետք է նախևառաջ կանգնեցնենք Հայաստանի գահավիժումը, նոր դրանից հետո կարողանանք խոսել արցախահայերի իրավունքների պաշտպանությունից։ Այդ գահավիժումը կարելի է կանգնացնել, թույլ չտալով անկախության արձակագրի չեզոքացումը»։











