Ամոթ և՛ ստացողին, և՛ տվողին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Արցախի մայրություն» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խաղաղության մրցանակ շնորհելուն և նրա այն դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես արժանի է այդ պարգևին։
Միքայելյանը ղեկավարում է «Արցախի մայրություն» կազմակերպությունը, որը հիմնադրվել է դեռևս 1988 թվականին՝ ազգային-ազատագրական պայքարի ակունքներում։
Նրա խոսքով՝ ավելի քան երեք տասնամյակ Արցախի մայրերն ու երեխաները տղամարդկանց հետ կողք կողքի մասնակցել են հանուն անկախության և սեփական հողում ապրելու իրավունքի մղվող պայքարին։
Խոսելով 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների մասին՝ Միքայելյանն ընդգծել է, որ անգամ իննամսյա շրջափակումը չկոտրեց արցախցիների հույսը․ նրանք շարունակում էին հավատալ միջազգային իրավունքին և սեփական կյանքի ու անկախության պաշտպանվածությանը։
Նա պատմեց նաև իր որդու՝ Տիգրան Ավետիսյանի մասին, ով զոհվել է Գանձասարի մերձակա մարտական դիրքերում։ Միքայելյանի փոխանցմամբ՝ որդին, ունենալով առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխա, միևնույն է, մեկնել էր առաջնագիծ՝ գիտակցելով, որ կարող է չվերադառնալ։
«Նա գնաց հանուն Հայրենիքի», — ասաց Միքայելյանը։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ չի ցանկանում սահմանափակվել միայն իր որդու հիշատակով, քանի որ 1988-ից ի վեր նահատակված բոլոր հերոսներին իր զավակն է համարում։
«Բոլորն էլ իմ որդիներն են, մեր որդիներն ու դուստրերը, մեր երեխաները», — ընդգծեց նա՝ կոչ անելով վառ պահել նրանց հիշատակն ու շենացնել Հայաստանը։
Միքայելյանն անդրադարձավ նաև «Արցախի մայրական երախտագիտություն» մեդալին, որը սահմանվել էր 1992 թվականին և շնորհվել շուրջ 6000 մարտիկների, որոնցից շատերն այսօր ննջում են Եռաբլուրում։
«Ուզում եմ Ներողություն խնդրել մեր տղաներից, որ չկարողացանք փրկել նրանց կյանքը», — ասաց Միքայելյանը՝ հավելելով․ «Փա՛ռք ու պատիվ մեր հերոսներին»։











