ԵԽԽՎ զեկույցը Հայաստանի Հանրապետությունում կայացած ընտրությունների վերաբերյալ շատ կարևոր արձանագրումներ է տալիս, որոնք առավել համընդհանուր նշանակություն ունեն մեր պետության համար, որովհետև արձանագրվել է անկում ժողովրդավարական արժեքներից։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Բոլոր պնդումները, ապացույցները, որոնք մենք որպես ներկայացրել ենք թե՛ ԿԸՀ–ում, թե՛ Սահմանադրական դատարանում, բողոքարկելով ընտրության արդյունքները, հիմնվելով մի շարք ընտրախախտումների վրա, և դա մի քանի փուլի տարանջատված ենք ներկայացրել: Նախ ներկայացրել էինք, որ նախընտրական քարոզչության հիմնարար ընտրական սկզբունքները, մասնավորապես, հավասարության սկզբունքը «Ուժեղ Հայաստան» դաշինքի նկատմամբ ծայրաստիճան խախտված է եղել՝ սկսած այն հանգամանքով, որ մեր առաջնորդը հնարավորություն չունեցավ այդպես էլ մասնակցելու նախընտրական գործընթացին լրիվ արհեստածին պատճառաբանությամբ։ Նրա ազատ տեղաշարժման հնարավորություն էր սահմանափակված, այսինքն սահմանափակումը բացառապես քաղաքական նպատակահարմարությունից էր ելնում և նպատակ ուներ Սամվել Կարապետյանին թույլ չտալու մասնակցել ընտրարշավին։
Զեկույցում հստակ ամրագրում է գտել ընտրովի և երկակի արդարադատությունը։ Յստակորեն ամրագրված է ընտրովի հետապնդումները ընդդիմադիր գործիչների նկատմամբ, այսինքն մարդու ընդդիմադիր հայացքներով պայմանավորված նրա նկատմամբ իրավապահները կիրառել են ավելի ծանր միջոցառումներ, քան այն դեպքում, եթե այդ մարդը ընդդիմադիր քաղաքական հայացքներ չունենար։
Հստակ արձանագրվել են հանրային և վարչական ռեսուրսների չարաշահման դեպքերը՝ սկսած համերգներից, նշելով, որ կոնկրետ բանկեր ֆինանսավորել են իշխող ուժի համերգները։
Առողջապահության ապահովագրության ինստիտուտի ներդրումը, որպես չարաշահում, պարտքերի ներումը, որպես չարաշահում, վարչական տուգանքների ներումը, ցածր տոկոսադրույքներով գյուղատնտեսական վարկերի ներդրումը, այս բոլոր դեպքերը այս զեկույցում շարադրված են որպես վարչական ռեսուրսների կիրարկում և ընտրողների կամքի վրա ներազդեցություն»,–ասաց նա։
Մելոյանի խոսքով, զեկույցում նաև Հանրային հեռուստաընկերությանն է անդրադարձ կատարվել՝ նշելով որ խախտվել է անաչառության սկզբունքը. «Իշխող կուսակցությունը անհամեմատ ավելի լայն է լուսաբանվել, իսկ ընդդիմադիր ուժերը ավելի վատ լույսի ներքո և ոչ անաչառ կերպով են լուսաբանվել»,–ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











