Այս տարի երկրում անցկացված ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի տված գնահատականներն իսկապես տարբերվում են նախորդ տարիների գնահատականներից։ Սեպտեմբերի 29-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շենքի գլխավոր մուտքի ֆոնին, այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Խորհրդարանի փոխխոսնակի խոսքով՝ վերջին տարիներին կազմակերպության գրեթե բոլոր զեկույցներում կարելի էր նկատել ընդհանուր գծեր, օրինակ՝ Հայաստանի գործող իշխանությունների հասցեին գովասանք, մինչդեռ քննադատական գնահատականները ծայրահեղ քիչ էին։
Նա, մասնավորապես, նշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անաչառության պակասն ու ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարան չթողնելու փաստը։ Երկու հանգամանքն էլ, ինչպես ընդգծել է Վարդևանյանը, տեղ են գտել ԵԽԽՎ զեկույցում։
Ընդդիմադիր քաղաքական գործիչը, միևնույն ժամանակ, հատուկ ուշադրություն է հրավիրել մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր բաղադրիչի վրա. Հայաստանում քաղաքական հետապնդումների առկայության փաստացի ընդունմանը։
«Այդ տերմինն օգտագործվել է և նույնիսկ առաջարկվել Հայաստանի գործող իշխանությանը, վերաբերում է ընտրական հետապնդումների գործընթացի դադարեցմանը», — ասել է պատգամավորը։
Փաստացի, ինչպես նշել է ընդդիմադիր պատգամավորը, այս բոլոր փաստերը լիովին տեսանելի էին ԵԽԽՎ-ի համար։ Այնուամենայնիվ, վերջինիս կողմից որևէ քայլ կամ միջոց չի ձեռնարկվել ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ։











