Կառավարության դիմաց, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, ոստիկանը ստիպեց բացել նամակներով լի արկղը, որտեղ հազարից ավելի նամակներ էին ուղղված Բաքվում պահվող հայ գերիներին։

Նշենք, որ ակցիան կազմակերպել էր «Արցախ միության» ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Նա հայտնել էր, որ այդ նամակները գրել են մարդիկ աշխարհի տարբեր երկրներից՝ Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի խնդրանքով:

Արտակ Բեգլարյանը հետաքրքրվեց, թե արդյոք կարող են վստահ լինել, որ ոչ մի նամակ չի կորի, ինչին ոստիկանն արձագանքեց. «Եկեք բացենք, նամակները մտնենք ներս, հաշվենք։ Ընդունարանի աշխատակցին կարող եք առաջարկել նույնիսկ համարակալումով կամ էջերի քանակով իր մոտ նշի։ Եկեք բացենք, նամակները վերցնենք, մտնենք։ Ամեն դեպքում փակ արկղ է, այստեղ պետք է բացել։ Սա պետական պահպանության ենթակա կառույց է, փակ արկղով ցանկալի չէ»։

Ի վերջո, արկղը բացվեց և այդպես բաց վիճակում ակցիայի մասնակիցները մտան նամակների ընդունման բաժին։