Առաջարկում ենք Հայաստանում սկսել նշել Պետական ծառայողի օրը։ Այս մասին հունիսի 23-ին խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։

Նշվում է նաև, որ այդ օրը կմնա աշխատանքային։ Օրինագիծն ավելի վաղ արժանացել էր Կառավարության հավանությանը։

Հիմնավորման համաձայն՝ Պետական ծառայողի օրվա սահմանումը նպատակ ունի ընդգծելու, որ անկախ պետական ծառայության տեսակից կամ զբաղեցրած պաշտոնից՝ բոլոր պետական ծառայողները մասնակցում են հանրային շահերի պաշտպանության, պետական կառավարման արդյունավետության բարձրացման և քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցման ընդհանուր առաքելության իրագործմանը։

«Պետական ծառայողի օրվա սահմանումն ուղղված է նաև հանրային ծառայության համակարգի հորիզոնական միասնության ամրապնդմանը, պետական ծառայողների աշխատանքի ու ավանդի ճանաչմանը, ինչպես նաև, որպես այդպիսին, պետական ծառայության գրավչության բարձրացմանը»,- ասաց պաշտոնյան։

Հունիսի 23-ը որպես Պետական ծառայողի օր սահմանելիս առաջարկվել է այն թողնել աշխատանքային՝ դիտարկելով ոչ թե որպես լրացուցիչ հանգստյան օր, այլ որպես խորհրդանշական օր, որն ուղղված է պետծառայողների մասնագիտական գործունեության, նրանց աշխատանքի և ունեցած ներդրման արժևորմանը։

«Այս նախագիծը թույլ կտա գնահատել, խրախուսել և ընդգծել հանրային ծառայողների դերը երկրի կայուն զարգացման ապահովման, հանրային ծառայությունների արդյունավետ մատուցման, նորարարական մոտեցումների ներդրման և միասնական պետական քաղաքականության իրականացման գործում»,- հավելեց Քալաշյանը։

Նա նաև հայտնեց, որ 2002 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 23-ը հռչակել է Պետական ծառայողի օր։

Ընդդիմությունն, այնուամենայնիվ, հարցեր ուներ։ Այսպես, ընդդիմադիր «Հզոր Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը, մասնավորապես, հետաքրքրվեց՝ արդյոք պետական ծառայությունը մասնագիտական ծառայությո՞ւն է, թե՞ քաղաքական գործունեություն, Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները կդառնա՞ն արդյոք այս տոնի շահառու, և ի՞նչ սկզբունքով է մինչև Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպվել պետական մարմինների աշխատակիցների համաժողով, որտեղ ելույթ է ունեցել հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան՝ Քալաշյանը հայտարարեց, որ վերոնշյալ համաժողովը մեծ նշանակություն է ունեցել պետծառայողների համար։

«Ավելին, որոշվեց հենց այդ նշանակությունը դնել այս օրինագծի հիմնավորման հիմքում»,- ասաց վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը։

Նա նաև հավաստիացրեց, որ Հայաստանում պետական ծառայողները որևէ մեկի ցուցումով չեն մասնակցել նախընտրական քարոզարշավին՝ հավելելով, որ նրանք պարզապես կատարել են իրենց քաղաքացիական պարտքը։

Իր հերթին, ընդդիմադիր փոխխոսնակ, «Հզոր Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Քալաշյանի պատասխանները հաստատեցին իրենց այն եզրահանգումները, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը 90 և ավելի տոկոսով բաղկացած է եղել պետծառայողներից։ Ինչպես նշեց խորհրդարանականը, նույն եզրահանգումներին են հանգել նաև ԵԽԽՎ-ում։

«Դրանք ներկայացվել են ԵԽԽՎ բանաձևում, իսկ մինչ այդ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցում»,- նկատեց Վարդևանյանը։

Հարցնելով, թե ինչով է պայմանավորված Պետական ծառայողի օրն օրենսդրորեն ամրագրելու որոշումը հենց հիմա, խորհրդարանի փոխխոսնակը նշեց, որ վերջին ութ տարիների համար պատասխանատվությունը կրում է հենց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ընդդիմադիր գործիչը նաև առաջարկեց Վաչե Քալաշյանին պատկերացնել հետևյալ իրավիճակը. «Պետական ծառայողները գնում էին հանրահավաքների և իրենց աջակցությունը հայտնում «Քաղաքացիական պայմանագրին»։ Դուք էլ, լինելով պատասխանատու կառույցի ղեկավար, և մյուս պետծառայողներն էլ հստակ տեսաք, որ ձեր ղեկավարն այցելել ու մասնակցել է «Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքին։ Ձեր կարծիքով՝ դա ի՞նչ ազդեցություն պետք է թողներ»։

Վարդևանյանը նշեց, որ այս հարցի պատասխանը տվել է Սահմանադրական դատարանն իր թիվ 1835 որոշմամբ։

Ընդդիմությունը նաև մատնանշեց այս տոնի անիմաստ լինելը։ Օրինակ՝ Էդգար Ղազարյանն առհասարակ հարցադրում արեց, թե Հայաստանի բնակիչներն ինչպես են նշում Քաղաքացու օրը։

«Ինձ համար բացահայտում էր այն, որ օգոստոսի 23-ին մենք նշել ենք Պետական խորհրդանիշների օրը, որը սահմանվել է հենց այս նույն օրենքով։ Որևէ պետական պաշտոնյայի շուրթերից այս իրադարձության կապակցությամբ ոչ մի խոսք չհնչեց։ Ոչ մի հայտարարություն չարվեց... Դուք անգամ պետական այդ տոնական օրերը չեք նշում։ Էլ ինչ մյուս՝ պակաս կարևոր օրեր... Մեր երկրում կա այսպես կոչված Քաղաքացու օր։ Մարդիկ այն դժվարությամբ են նշում ու ճանապարհում։ Նրանք չգիտեն՝ ինչ անել։ Օրինակ, մենք գիտենք, թե ինչ պետք է անել Ամանորին։ Գնում ենք միմյանց հյուր, նվերներ ենք գնում երեխաների համար, տոնածառ ենք դնում ու զարդարում։ Գալիս է Քաղաքացու օրը։ Մարդիկ նայում են իրար ու հարցնում իրենք իրենց. «Հետո՞։ Հիմա ի՞նչ պետք է անենք»։ Մի տարի որոշեցին այն նշել գորգեր լվանալով։ Քաղաքացու օրը քաղաքացիները փողոցներում գորգեր էին լվանում և խորոված ուտում։ Ահա թե որն էր տոնի իմաստը։ Մեր տոնական օրացույցի մեջ ստիպողաբար ուզում են խցկել հերթական օրը։ Բայց հասարակությունը չի զգում և չի տեսնում դրա բուն էությունը»,- իր դիրքորոշումը հայտնեց ընդդիմադիրը։

Բավականին երկար ու թեժ քննարկումներից հետո այս օրինագիծը ստացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Ընդ որում, մի քանի պատգամավորներ գործուղումների պատճառով քվեարկեցին հեռակա կարգով, ինչը տարակուսանք և դժգոհություն առաջացրեց ինչպես ընդդիմադիր պատգամավորների, այնպես էլ իշխող կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մոտ։