Պետք է շատ մանրամասն քննարկվի Շաքիի դեպքը. Զինված ադրբեջանցին հատել է սահմանը, Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանություններին տեղյակ են պահել, իսկ ի՞նչ են արել Հայաստանի իշխանությունները։ Որևէ բան չեն արել՝ հույսը թողնելով, որ երեք երեխաների մայրը ադրբեջանցի զինված ասկյարին կվնասազերծի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այստեղ արդեն ոչ միայն բանակի, այլ նաև ԱԱԾ–ի և ոստիկանության գործունեության մասին է խոսքը։ Հետևաբար, ոչ միայն ՊՆ–ի, այլ նաև այդ երկու գերատեսչությունների ներկայացուցիչները պետք է համարժեք վերաբերմունքի արժանանան։
Եթե ՔՊ-ական իշխանությունները իրոք հետաքրքրված են հասկանալու համար, թե ինչպես է ադրբեջանցին ներթափանցել Հայաստան, որպեսզի դասեր առնեն և հետագայում կանխեն նման ներթափանցումները, իրենք պետք է կողմ քվեարկեն քննիչ հանձնաժողով ստեղծելուն, որին ես կասկածում եմ»,–ասաց նա։ Ընդդիմադիր պատգամավորը կանխատեսեց, որ ՔՊ–ն չի միանա այդ հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը. «նթադրում եմ, որ չեն միանա, ճիշտ այնպես, ինչպես չէին միացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների ծախսման ուսումնասիրող հանձնախմբի աշխատանքներին, ճիշտ այնպես, ինչպես չէին միացել Արցախի Հանրապետությունից էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական խնդիրներն ուսումնասիրող, քննիչ հանձնաժողովին։
Գնահատականը հետևյալն է, որ իրենց համար կարևոր է իրենց պաշտոնյան, կարևորը իրենց անձնական նեղ խմբակային շահերն են, իսկ անվտանգությունը իրենց համար երկրորդական է։ Ինչպես նշեցին մեր գործընկերները, փոխանակ, օրինակ, Սուրեն Պապիկյանը զբաղվեր իր անմիջական պարտականություններով, զբաղվում էր ընտրարշավով»։
Հարցին՝ միայն Պապիկյանի հրաժարականը ի՞նչ է տալու, ընդդիմադիր գհործիչն ասաց. «Դուք փորձում եք անհատի դերը պատմության մեջ և համակարգում նսեմացնել, անհատից շատ բան է կախված։ Մենք լիահույս ենք, որ քննիչ հանձնաժողովը նույնիսկ, եթե առանց ՔՊ-ականների գործի, կգտնի բազմաթիվ փաստեր, որոնք կապացուցեն, որ այսօրվա պաշտպանական գերատեսչության ղեկավարը, թե Շաքիի դրվագով, թե սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների մասով այդ գործի համար բավականաչափ կոմպետենտություններ չունի։
Անկեղծ չեմ կարող ասել, թե արդբեջանցի զինծառայողը կոնկրետ որտեղից է մտել, այդ հատվածը ՊՆ–ի, թե՞ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո է, բայց այն, որ անկախ այդ ամեն ինչից թիկունքում արդեն թե ԱԱԾ-ն, թե ոստիկանությունը անելու բան ունեին, դա անկասկած է։ Ոստիկանությունը պետք է օրինակ ուժեղացված հսկողություն իրականացներ, ԱԱԾ-ն պետք է ուժեղացված հսկողություն իրականացներ, որ այդ կինը չմտներ ներս։
Հիշու՞մ եք, Շուռուխի ճանապարհի վրա հեռախոսի համարներ էին գրած, ասում էին՝ այ, որ ադրբեջանցիք ձեզ բռնեն, մի հատ էս համարով զանգեք։ Հիմա ադրբեջանցին իր ոտով եկել, մտել է Հայաստան և որևէ աշխատանք չտաներ հանրությանը, դա ուղղակի պաշտոնական անգործության հետևանքով ստեղծված ռիսկեր են»։
Անդրադառնալով ԱԺ դահլիճում տեղի ունեցածին, Խաչատրյանն ասաց. «Դա խայտառակ սադրանք է նիստը վարողի վարման արդյունքում և ՔՊ-ական որոշ պատգամավորների անզուսպ վարքագծի ուղղակի անմիջական հետևանք էր»։











