Սյունիքի մարզի Շաքի բնակավայր ներթափանցած ադրբեջանցին պետք է պատժի առնվազն մի մասը կրի Հայաստանում։ Դրա մասին հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում ադրբեջանցի զինծառայողին Հայաստանում։
«Միանշանակ և անվիճելիորեն, Հայաստանում տեղի ունեցածը քրեական հանցագործություն է։ Գործը պետք է քննվի և ուղարկվի դատարան։ Դատարանն իր հերթին պետք է կայացնի որոշում, որը պետք է մտնի օրինական ուժի մեջ, և պատժի կրումը՝ առնվազն դրա մի մասը, պետք է իրականացվի Հայաստանում։ Ի՞նչն է խնդիրը», - ասել է Փաշինյանը։
Միաժամանակ նա նշել է, որ այս փաստով քրեական գործ է հարուցվել նաև Ադրբեջանում։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Շաքիում տեղի ունեցածը սովորական քրեական միջադեպ է, որոնց պակաս Հայաստանում չկա։
«Ի դեպ, Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, որոնք դատապարտվել են պետական սահմանի ապօրինի հատման համար։ Չկա այնպիսի սահման, որը մշտապես չհատվեր։ Այդպիսի բան տեղի է ունենում բոլոր երկրներում, ոչ միայն Հայաստանում»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա նաև հայտնել է, որ վիրավորում ստացած կինը զանգահարել է ոստիկանություն և հայտնել միջադեպի մասին, սակայն, չսպասելով նրանց ժամանմանը, փորձել է ինքնուրույն լուծել խնդիրը։ Կառավարության ղեկավարի կարծիքով՝ եթե նա սպասեր ոստիկանության աշխատակիցներին, ամենայն հավանականությամբ, ոչ մի վատ բան չէր պատահի։











