Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո մարդկանց մոտ պանիկա է առաջացել․ կան լուրջ մտահոգություններ։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու հարցի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 12-ին հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նշենք, որ արտահերթ նիստ գումարելու համար ընդդիմությանը անհրաժեշտ կլինի ապահովել պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/4-ը։
Կարապետյանը, մասնավորապես, իշխանություններից պահանջեց կամ ապահովել թափանցիկ վերահսկողություն, կամ ստեղծել հատուկ քննիչ հանձնաժողով։
«Վերջին 15 օրվա ընթացքում մենք երկու անգամ լսել ենք Մեղրիի տարածաշրջանում կասկածելի անձանց հայտնվելու մասին», — նշեց խմբակցության ղեկավարը։
Նա պահանջեց անհապաղ պարզել պատասխանատուներին և հասկանալ համակարգային խնդիրները։ Մասնավորապես, նա պահանջեց պարզել՝ արդյոք նոր ֆինանսավորման կամ տեսահսկման համակարգերի անհրաժեշտություն կա, թե ոչ։
Պատգամավորը նախազգուշացրեց, որ եթե Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը չարձագանքի և քվեարկությամբ մերժի առաջարկը, ընդդիմությունը նախաձեռնելու է նոր քննիչ հանձնաժողովի ձևավորում։
Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Գաբրիելյանը հայտարարեց, որ հանձնաժողովը շարունակում է իր գործունեությունն իրականացնել բնականոն ռեժիմով, և ինքը որևէ համակարգային խնդիր կամ տրամաբանություն չի տեսնում մեկ միջադեպի պատճառով առանձին քննիչ հանձնաժողով ստեղծելու մեջ։
Միևնույն ժամանակ նա հավելեց, որ իշխող կուսակցությունը նույնպես բազմաթիվ հարցեր ունի։ Ավելին, առաջիկայում նրանք մտադիր են խորհրդարան հրավիրել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ փակ քննարկումներ անցկացնելու համար։
Իր հերթին իշխող խմբակցության պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը կոչ արեց խուճապի չմատնվել և Շաքի գյուղի միջադեպի հետ կապված ավելորդ աղմուկ չբարձրացնել։
«Հերի՛ք եղավ։ Մի հատ գլխից գժված ադրբեջանցի մտել է գյուղ, ու մենք դա քննարկում ենք և բարձր ամբիոններից աղմուկ բարձրացնում։ Հիմա երևի Ադրբեջանում մտածում են՝ «էս հիվանդը գնացել է իրենց մոտ, ու ողջ Հայաստանը դողում է վախից»», — իր դիրքորոշումը պարզաբանեց պատգամավորը։
Նա կոչ արեց հետևողական լինել, քանի որ սահմանախախտումը, նրա խոսքով, «շատ լուրջ բան է»։
Այնուամենայնիվ, բավականին երկարատև քննարկումներից հետո խորհրդարանական ընդդիմությունը որոշում կայացրեց հետ կանչել նախաձեռնությունը։ Նրանք, մասնավորապես, որոշեցին սպասել քննության վերջնական արդյունքներին։











