Իսկական հոգատարությունը միայն խնամքն ու հիմնական կարիքների ապահովումը չէ։ Դա լիարժեք, վառ և անկախ կյանքով ապրելու հնարավորությունն է՝ զգալով քեզ հավասարը հավասարների մեջ։ NEWS.am-ի թղթակիցն այցելել է Պեկինի «Հուեյչեն Հուեյայ» խնամքի և բնակության կենտրոն և անձամբ ծանոթացել, թե ինչպես են այստեղ համադրվում սոցիալական ինտեգրումն ու առաջատար տեխնոլոգիաները։

2021 թվականի դեկտեմբերին բացված կենտրոնն այսօր հանդես է գալիս որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում միջազգային համագործակցության առանցքային հարթակներից մեկը։ Այստեղ հաշմանդամություն ունեցող անձանց և տարեց քաղաքացիների համար ստեղծված է եզակի էկոհամակարգ, որտեղ առանցքային արժեքը հենց մարդկային ներուժն է։

Կենտրոնի ամբողջ տարածքը նախագծված է բացարձակ անարգել միջավայրի սկզբունքներով: Լայն անցումները, հարմարեցված վերելակները, սայլակներով տեղաշարժման համար հարմար թեքահարթակները, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցողների համար հատակի հատուկ շոշափելի ուղղորդիչները սաներին թույլ են տալիս տեղաշարժվել հեշտությամբ և առանց օտար անձանց օգնության։

Այնուամենայնիվ, հիմնական ուշադրությունը դարձվում է սոցիալականացմանը և ստեղծագործական ինքնաիրացմանը։ Մասնագիտացված արհեստանոցներում կենտրոնի սաները զբաղվում են գեղանկարչությամբ, երաժշտությամբ, խոհարարությամբ և ձեռագործ աշխատանքների պատրաստմամբ, որոնք կարելի է ձեռք բերել հենց տեղում։ Բացի այդ, կենտրոնում ակտիվորեն զարգացնում են մարզական և կինեմատոգրաֆիական ծրագրեր, իսկ շատ սաներ հաջողությամբ մասնակցում են պարաօլիմպիկ նախաձեռնություններին։

Կենտրոնում սոցիալական աջակցությունը սերտորեն հյուսված է ապագայի տեխնոլոգիաների հետ։ Ցուցադրական գոտում ներկայացված են չինացի ճարտարագետների նորագույն մշակումները, որոնք կոչված են դյուրացնելու հաշմանդամություն ունեցող անձանց առօրյան։ Դրանց թվում են տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար նախատեսված ներառված արհեստական բանականությամբ «խելացի» ակնոցները։ Սարքն աշխատում է ձայնային հարցմամբ․ բավական է հարցնել, թե ինչպես հասնել մոտակա խանութը, և ականջակալն իսկույն կառուցում է օպտիմալ ու անվտանգ երթուղի։

Եվս մեկ ուղղություն է բարձրտեխնոլոգիական վերականգնողական ռոբոտատեխնիկան։ «Նանո-ձեռքով» հատուկ համակարգը ճշգրտորեն ընթերցում է ազդակները և կրկնում մարդու յուրաքանչյուր շարժում՝ օգնելով վնասվածքներից ու հիվանդություններից հետո վերականգնել վերջույթների կորցրած շարժողական գործառույթները։

Նմանատիպ լուծումներն ապացուցել են հիմնական ճշմարտությունը․ երբ անկեղծ հոգատարությունը միավորվում է նորարարությունների հետ, ցանկացած ֆիզիկական սահմանափակում նահանջում է՝ յուրաքանչյուր մարդու առջև բացելով արժանապատիվ ու հագեցած կյանքի հնարավորություններ։

Դիանա Առուշանյան, Պեկին