Փորձաքննությունները արվել են, փորձաքննության վերաբերյալ դիրքորոշումները հայտնվել են, ես կարծում եմ՝ Ամուլսարը շահագործող կազմակերպությունը դրանցից հետևություն արել է. Ես այս պահին չգիտեմ որևէ հիմնավոր պատճառ, թե ինչու Ամուլսարը պետք է չշահագործվեր։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։

«Ես գիտեմ, որ ուսումնասիրություններ եղել են և այդ ուսումնասիրությունները նման վտանգներ իրենց մեջ չեն պարունակել։ Հիմա Ամուլսարը արդեն շահագործվում է, կարծում եմ՝ բնապահպանական վտանգավոր երևույթները կառավարելի են համարվում, դրա համար էլ շահագործումը թույլ է տրվել։

Այո, անհանգստություններ են եղել բնապահպանների մոտ, հենց դրանց շրջանակում է այդ ուսումնասիրությունը նախկինում իրականացվել, քրեական վարույթ է իրականացվել, որի արդյունքում Սևանի հետ կապված կամ Արփա-Սևան թունելի հետ կապված ռիսկեր չեն տեսնում մասնագետները, հետևաբար, հիմա շահագործվում է հանքը։

Պատկան մարմինները թույլտվություններ են տվել, հեղափոխությունից հետո բողոքի ցույցերի արդյունքում ՇՄԱԳ փորձաքննությունը մի հատ էլ է ուսումնասիրվել, ասել են, որ թույլտվությունների շղթայում կան առերևույթ քրեական տարրեր, դրա շրջանակում քրեական վարույթ է իրականացվել, դրանից հետո հանքը վերջերս սկսեց շահագործվել և կարծում եմ՝ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները ուշադիր կլինեն, որ այն հանքը այդպես աշխատի և որևէ վտանգավոր մետաղ կամ նյութ չհայտնվի շրջակա միջավայրում։

Անդրադառնալով նրան, որ ադրբեջանցիները Շիկահողի տարածքում առաջ են եկել և 60 հեկտար ծառ են հատել, իսկ COP17–ում իշխանությունը այս հարցը չի բարձրաձայնում, Սիմիդյանն ասաց. «Այո, Շիկահող արգելոցը սահմանին թիրախում է գտնվում, դա նոր բան չի, ցավոք սրտի, աշխարհում ռազմական գործողությունները երբեք բնապահպանական խնդիրներին չեն հետևում, և դրա համար էլ կարծես հիմա Հայաստանի և Ադրբեջանի մինչև սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի արդյունքում կհստակեցվի սահմանը, և կարծում եմ նաև այդ ժամանակ հնարավոր կլինի երկու երկրների մեջ, այդ թվում բնապահպանական առաջացած խնդիրները համատեղ լուծել։

Իմ ռացիոնալ միտքը նրա մասին է, որ Հայաստանը ու Ադրբեջանը, փաստաթղթերի հիման վրա սահմանազատման գործընթաց պետք է իրականացնեն, որ այդ թվում բնապահպանական խնդիրները, որ փոխադարձաբար հնարավոր է բարձրացնել, իրական փաստի վրա բարձրացնենք, հասկանանք՝ ով, ում տարածքում ինչքան վնաս է հասցրել։

Ես այդ ժամանակ շրջակա միջավայրի նախարար եմ եղել, Շիկահողում եմ եղել, Հանդ գյուղում եմ եղել հենց այդ օրերին և այո, ռազմական գործողությունները, ցավոք սրտի, բնությանը շատ ուղիղ վնաս են տալիս, որոշ դեպքերում էլ միգուցե անվերականգնելի վնասներ են հասցնում

Մինչև Հայաստանը և Ադրբեջանը իրար հետ իրավական պրոցեսի արդյունքում չունենան գծված սահմաններ, փոխադարձ որևէ պահանջ ներկայացնելը, դա ավելի շուտ աղմուկի և խոչընդոտներ հարուցելու մի պրոցես է, քան իրականում խնդրի լուծման։

Ես ինքս թե Շիկարողի դեպքում, թե մեր բնությանը հասված որևէ այլ պարագայում պահանջատեր եմ և կպահանջեմ խնդիրների լուծմանը, բայց պետք է այդ պահանջների համար իրավական հիմքեր լինեն։ Կարծում եմ, հույս ունեմ, համոզված եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը մի օր անպայման կհասցնի նրան, որ բնապահպանական խնդիրները օրակարգում կհայտնվեն»,– հայտարարեց Սիմիդյանը։