Այս սցենարը մենք կանխատեսել ենք, որովհետև ալիևյան սահմանադրությունը պիտի փորձի ընդունել տալ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե չհաջողվի նոր սահմանադրություն ընդունել, հնարավոր է գնան արտահերթ ընտրությունների։
«Ինքը բազմիցս ահաբեկել է մեր ժողովրդին, ասելով, որ եթե չունենամ սահմանադրական մեծամասնություն սեպտեմբերին տեղի է ունենալու աղետաբեր պատերազմ, և հիմա էլ շանտաժի հերթական արարն է մեր հայրենակիցներին։
Իր նպատակն է ճնշում գործադրել Ազգային ժողովի վրա, ընդդիմության վրա և զբաղվել «անասնագողությամբ»։ Եթե իրենց մոտ չի ստացվում ընտրական պրոցեսների միջոցով այդքան կեղծելով բանով հասնել իրենց նպատակին, որ չունեն սահմանադրական մեծամասնություն, հաջորդ նպատակը պիտի լինի ընդդիմության ճամբարից մարդ բերելը։ Հիմա ինքը պարզ ասում է՝ եթե չկարողանամ բերել, ինչ-ինչ պատճառներով դա չստացվի, ես ուրիշ ճար չունեմ, որովհետև Ալիևը իմ վրա ժամանակ է դրել»,–ասաց նա՝ հավելելով, որ արտահերթ ընտրություններն են ակցկացվելու են վախի մթնոլորտում՝ շանտաժով և վարչական ռեսւորսների կիրառմամբ։
«ՏԻՄ ընտրություններում էլ այսքան բռնաճնշումների նպատակն այն է, որ արտահերթ ընտրություններին, երբ գա պահը, ուզուրպացված լինի բոլոր տեղական ինքնակառավարման մարմինները։
Ինքը մի կողմից ցույց է տալիս, թե իբր ինքը կապ չունի այս գործընթացների հետ, այնինչ ինքն է ուղղորդում այս ամբողջ բռնաճնշումների շղթան, բուրգի վերևում կանգնածը Նիկոլ Փաշինյանն է։ Ինքն է հրահանգներ տալիս իրավապահ համակարգին, որ իրավապահ համակարգը բռնաճնշումների գնա և այլախոհներին քրեական հետապնդման ենթարկի։
Իր սիրելի Դանիել Իոաննիսյան էլ է ասել՝ իմ ձեռքի տակ կան տվյալներ, որ իրավապահ համակարգը ճնշում է գործադրում ընդդիմության վրա։ Սա միայն ավանդական ընդդիմությունը չի ասում, սա ասում են այն ուժերը, որոնք հեղափոխության առաջամարտիկներից էին»,–ասաց նա։











