Հակակոռուպցիոն դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ նիստը սկսվել է 16:00-ին և, ըստ երևույթին, կշարունակվի ևս մի քանի ժամ։

Մամուլի հետ շփվելու դուրս եկած փաստաբան Արամ Օրբելյանը հայտնել է, որ մեղադրանքը կիրառել է ընդհանուր բառեր, իրավաբանական բառապաշարին ոչ բնորոշ տերմինաբանություն, ինչն էլ ավելի մշուշոտ է դարձնում մեղադրանքը։ Փաստաբանը կրկին հիշեցրել է, որ երկրորդ նախագահին վերագրվում են նրա կարգավիճակից անմիջականորեն բխող գործողություններ՝ կառավարության որոշումները վավերացնելը, այլ կերպ վարվել նա չէր կարող։ Օրբելյանը ճշտել է, որ վավերացումն ինքնին չի նշանակել հաստատում։ «Այժմ դատարանում քննարկում ենք, թե ինչու են նրանք որոշել, որ գործողությունները եղել են ոչ իրավաչափ, դիտարկում ենք օրենքի դրույթները»,- հայտնել է փաստաբանը։ Նա նշել է, որ մի քանի ժամ առաջ իր տված այն բնութագրումը, թե մեղադրանքն ավելի շատ գեղարվեստական ստեղծագործություն է հիշեցնում, նպատակ չի ունեցել որևէ մեկին վիրավորելու, այլ պարզապես արտացոլել է իրականությունը։

«Մեր կարծիքով, եթե այս տեմպերով շարունակվի, ապա պետք է հրաժարվեն մեղադրանքից և գնան տուն։ «Նոր» տվյալները ոչ թե ամրապնդում են կասկածները, այլ ամբողջությամբ վերացնում են ցանկացած կասկած»,- ընդգծել է Օրբելյանը։

Իրավաբանն արձանագրել է, որ եթե վավերացման փաստը մեկնաբանվի որպես հանցագործություն, ապա գործը պետք է փակել․ Քոչարյանը վավերացրել է 12-13 հազար որոշում, իսկ նրանից առաջ որոշումները վավերացնում էր նախագահ Տեր-Պետրոսյանը։

Այն հարցին, թե խոսքը վերաբերում է տարիներ անց կառավարության կողմից օտարված գույքի մի մասի՝ Սեդրակ Քոչարյանի կողմից ձեռքբերմանը, փաստաբանը նկատել է, որ Սեդրակ Քոչարյանը երբեք չի թաքցրել գույքը, բոլոր գործարքները կատարվել են թափանցիկ։ «Պետք են փաստեր, այն փաստարկը, թե անցել է 20 տարի, և ապացույցներ գտնելը դժվար է, չի գործում։ Ինձ՝ որպես փաստաբանի, միևնույն է, թե քանի տարի է անցել։ Ենթադրության հիման վրա մարդուն չի կարելի դատել։ Մինչդեռ այժմ ապացույցների ծավալը հերքում է Ռոբերտ Քոչարյանի առնչությունն ապօրինի գործողություններին»,- հայտարարել է Օրբելյանը։

Այն փաստարկին, թե գնել են մի գնով, իսկ վաճառել՝ բազմակի ավելի բարձր գնով, փաստաբանը հակադարձել է՝ հիշեցնելով, որ առաջինի և երկրորդի միջև անցել է ավելի քան 20 տարի։ «Վերջերս հենց Փաշինյանն էր ասում, որ քաղաքացիները տեղում նստած հարստացել են»,- հիշեցրել է Օրբելյանը՝ նկատի ունենալով վարչապետի այն հայտարարությունը, ըստ որի անշարժ գույքի գների բարձրացման շնորհիվ մարդիկ ավելի հարուստ են դարձել։