Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը այսօր էլ սովորականի պես առավոտյան թեմ է գնացել, թեև նախօրեին դատարանը կարճել էր նրա բողոքի հիման վրա հարուցված քրգործը, որով Սարոյանը պահանջում էր չեղյալ համարել կաթողիկոսի որոշումն ու վերականգնել իրեն թեմի առաջնորդի պաշտոնում։ Մոտ տասը ամիս տևած քննությունից հետո դատարանն անակնկալ որոշել է, որ դա եկեղեցու ներքին գործն է։
Որ Սարոյանը չի համակերպվելու այս պարտության հետ, նախօրեին արդեն պարզ էր։ Նա որոշման հրապարակումից հետո հայտարարել էր, որ բողոքարկելու է այն Վերաքննիչ դատարանում։ Դատարանի որոշումը, կարծես թե, իրավապահների համար էլ նշանակություն չունի․ ոստիկանական մեքենաները, որոնք ամիսներ շարունակ հսկում են թեմի տարածքը՝ պաշտպանելով կարգալույծ հոգևորականին, այսօր էլ NEWS.am–ի նկարահանման պահին թեմի տարածքում էին։ Ոստիկանները չպատասխանեցին հարցին, թե ում են հսկում և ինչու են շարունակում ծառայությունն այնտեղ։
Սարոյանի հետ զրուցել այդպես էլ չհաջողվեց։ Մի քանի ժամ մեր նկարահանող խումբը սպասեց առաջնորդարանի մոտ, սակայն նա այդպես էլ թեմ չվերադարձավ, թեև նրա մեքենան ամբողջ ընթացքում կայանված էր շենքի մոտ։ Մեկնաբանություն չհաջողվեց ստանալ նաև Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանից, որը կաթողիկոսի որոշմամբ դեռևս տարեսկզբին նշանակվել էր թեմի նոր առաջնորդ, սակայն ոստիկանների աջակցությունը վայելող նախկին առաջնորդի պատճառով նույնիսկ թեմ մտնել մինչև օրս չի կարողանում։
Ուշագրավ է, որ վերջին օրերին դատարանը միանգամից մի քանի նման անակնկալ որոշում կայացրեց եկեղեցուն առնչվող գործերով։ Կաթողիկոսի դեմ դուրս եկած մյուս երկու կարգալույծ քահանանների՝ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցերով հարուցված քաղաքացիական գործերը նույնպես կարճվեցին։ Նրանք, հիշեցնենք, պահանջում էին անվավեր ճանաչել կարգալույծ հռչակելու՝ կաթողիկոսի որոշումները և վերականգնել իրենց սուրբ Հովհաննավանքի և թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոններում։ Այս դեպքում էլ դատարանը որոշել է, որ դա եկեղեցու ներքին գործն է, և ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։
Ավելին՝ դատարանը վերացրել է նաև հայցի ապահովման՝ նախկինում կիրառված միջոցները, որոնցով ժամանակին մայր աթոռին պարտավորեցրել էր՝ վերականգնել քահանաներին իրենց պաշտոններում։
Մանրամասները՝ տեսանյութում։











