Ստեփանավանի 25/06 ընտրատեղամասում խնդիր է առաջացել քվեաթերթիկների համար նախատեսված ինքնասոսնձվող կնիքների որակի հետ․ պաշտպանիչ թաղանթը շերտազատվում է, իսկ կնիքն ինքնին կարող է պոկվել։ Այս մասին տեղամասի նախագահ Հակոբ Դավթավյանը հայտնել է NEWS.am-ի թղթակցին՝ պատասխանելով քվեարկության ընթացքի և հնարավոր խախտումների մասին հարցին։

«Ընդհանուր առմամբ գործընթացը նորմալ է ընթանում, խախտումներ չկան։ Թերություն կարելի է համարել այն, որ ինքնասոսնձվող կնիքների վրայի թաղանթը շերտազատվում և վնասվում։ Մենք տեսնում ենք, որ նման դեպքերը բավականին շատ են», — նշել է Դավթավյանը։

Ըստ նրա, տեղամասում հայտնաբերել են կնիքներ, որոնց պաշտպանիչ թաղանթը պոկվել է, և դրանք առանձին են պահել։ Նախագահը պարզաբանել է, որ սկզբում հարց էր առաջանում քվեաթերթիկի վավեր լինելու վերաբերյալ, եթե այն արկղի մեջ գցելուց հետո դրա վրայի կնիքը բացակայում է։

«Մարդը եկել է, քվեարկել է և կատարել է իր պարտքը։ Մի՞թե դա նրա մեղքն է, եթե կնիքը պոկվել է վատ որակի պատճառով», — ասել է Դավթավյանը։

Նա հայտնել է, որ խնդրի վերաբերյալ դիմելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցուցում է տվել նման քվեաթերթիկները համարել վավեր, եթե կնիքը փակցված է եղել, սակայն հետո պոկվել է։ Ըստ նախագահի, նմանատիպ դեպքեր արձանագրվել են նաև այլ տեղամասերում։

Դավթավյանը նաև մեկնաբանել է տեսահսկման տեսախցիկների աշխատանքը։ Ըստ նրա, տեղամասի տարածքը փոքր է, ուստի երբեմն կարող է թվալ, թե տեսախցիկների առաջ միանգամից մի քանի մարդ կա, մինչդեռ իրականում նրանք պարզապես կանգնած են դրանց դիմաց։ Միաժամանակ, ինչպես նշել է նախագահը, վստահված անձինք իրեն նման խնդիրների մասին չեն հայտնել։

Նա հավելել է, որ ընտրողների կուտակումներ կամ նրանց քվեարկությունն ուղղորդելու փորձեր չի նկատել։ Զրույցի պահին, նրա տվյալներով, տեղամասում քվեարկել էր 383 մարդ՝ 1415 գրանցված ընտրողներից։