Ստեփանավանի 25/4 ընտրական տեղամասում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրողների ցուցակներով ստուգման հետ կապված իրավիճակ է առաջացել, պարզել է NEWS.am-ը։
«Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը եկել էր այս տեղամաս՝ քվեարկելու։
Տեղամասի աշխատակցուհու հետ զրույցի ընթացքում քննարկվել են փաստաթղթերի ստուգման կարգն ու ընտրողների ցուցակները։
Աշխատակիցներից մեկը պարզաբանել է, որ ընտրողներին ստուգում են սահմանված ընթացակարգով, սակայն հարց է առաջացել թղթային ցուցակի և էլեկտրոնային սարքի տվյալների միջև անհամապատասխանության վերաբերյալ։
«Նման բան նախկինում չի եղել. դրսի ցուցակում նրանք կան, իսկ սարքում՝ չկան», - ասել է տեղամասի աշխատակիցը՝ մեկնաբանելով Արփի Դավոյանի հետ կապված իրավիճակը։











