Մեր նպատակն է բարձրացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը։ Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Ծովինար Վարդանյանն են։

Ներկայացնելով նախագիծը՝ Բաթոյանը, մասնավորապես, նշեց, որ դրա ընդունման նպատակն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետության բարձրացումն է։

«Մենք, օրինակ, առաջարկում ենք պաշտպանական միջոցներից հանել նախազգուշացումը, քանի որ այն չի ենթադրում պաշտպանության գործուն ու արդյունավետ միջոցների ձեռնարկում և սահմանափակումների կիրառում, այլ հանգում է միայն նրան, որ ոստիկանության ծառայողը նախազգուշացում է հայտարարում բռնություն գործադրած անձին։ Ուստի նախազգուշացման փոխարեն առաջարկում ենք սահմանել բռնություն գործադրած անձի կանխարգելիչ հաշվառում։ Այսպիսով՝ դեպքը դուրս չի մնա իրավապահ մարմինների տեսադաշտից։ Առաջարկում ենք նաև ամրագրել, որ ոստիկանության ծառայողը, անկախ անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու հանգամանքից, պարտավոր է դեպքի մասին տեղեկություն ստանալու պահից առավելագույնը 12 ժամվա ընթացքում ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության դեպքում հաղորդում ուղարկել քննչական մարմին», — ասաց պատգամավորը։

Առաջարկվում է նաև բոլոր դեպքերում պարտադիր դարձնել բռնություն գործադրած անձի մասնակցությունը վերականգնողական ծրագրին։

«Սահմանվում է, որ ոստիկանության ծառայողը կարող է անձին ապաստարանում տեղավորելու որոշում կայացնել բոլոր այն դեպքերում, երբ վտանգ է սպառնում նրա կյանքին կամ առողջությանը։ Առաջարկվում է նաև պարտավորեցնել ոստիկանության ծառայողին՝ դեպքի մասին ահազանգի հիման վրա իր լիազորություններն իրականացնելիս տեսանկարահանման կամ լուսանկարահանման համար կիրառել շարժական տեխնիկական միջոցներ», — նշեց խորհրդարանականը։

Բացի այդ, Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ընտանիքում և կենցաղային հարաբերություններում անձի դեմ կատարվող հանցագործություններն առանձնացնել առանձին գլուխներով, ինչպես նաև դրանց համար սահմանել գործող կարգավորումների համեմատ ավելի խիստ պատիժներ։

Քրեական օրենսգրքում առաջարկվում է նաև ամրագրել ընտանեկան բռնության հասկացությունը։

«Դատապարտված անձանց համար վերականգնողական ծրագրին մասնակցությունն առաջարկվում է դարձնել պարտադիր միջոց։ Առաջարկվում է նաև ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում բացառել գործուն զղջման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատումը», — հայտարարեց Բաթոյանը։

Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով էլ նախատեսվում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներ պարունակող հանցագործություններով քրեական հետապնդումը կիրականացվի հանրային կարգով՝ անկախ դատախազի նախաձեռնությունից։

Նախատեսվում է նաև, որ մեղադրյալի նկատմամբ չի կարող կիրառվել տնային կալանք, եթե նա բնակվում է տուժողի հետ։

Այդուհանդերձ, խորհրդարանական ընդդիմությունը մի քանի հարց բարձրացրեց։ Նախ նրանք ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ այս օրենսդրական փաթեթն ըստ էության ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անձնական նախաձեռնությունն է։

Հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, մասնավորապես, հայտարարեց.

«Ինձ համար անընդունելի է նման շտապողականությունը, քանի որ մեր հանձնաժողովի որոշ անդամներ այսքան կարճ ժամանակահատվածում պարզապես հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու փաստաթղթերի այս ծավալուն փաթեթին և բովանդակային քննարկում անցկացնելու»։

Բաթոյանը չհամաձայնեց ընդդիմադիր գործընկերոջ պնդման հետ։

«Շտապողականության մասով համաձայն չեմ ձեզ հետ։ Ինչո՞ւ։ Որովհետև նախագիծը շրջանառության մեջ է դրվել երկու ամիս առաջ։ Այս նույն լրացումները մենք կարող էինք կատարել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։ Ոչ մի շտապողականություն չկա։ Սա սովորական աշխատանքային ընթացակարգ է», — հակադարձեց իշխող խմբակցության պատգամավորը։

Նա նաև չհերքեց, որ Հայաստանի վարչապետի տիկնոջ առաջարկները ներառվել են այս օրենսդրական փաթեթում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նույնպես հաստատեց Աննա Հակոբյանի մասնակցությունն օրենսդրական նախաձեռնության ձևավորմանը։

«Այո՛, Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախաձեռնել է ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավ։ Եվ օրինագծերի այս փաթեթն իրոք մշակվել է այդ նախաձեռնության շրջանակում», — ասաց նախարարը։

Նա նշեց, որ Կառավարությունն ընդհանուր առմամբ դրական է վերաբերվել այս օրենսդրական նախաձեռնությանը, և սկզբունքային փոփոխություններ չեն առաջարկվել։

Կառավարության ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ նախորդ տարի գրանցվել է 100 դեպք, երբ նախազգուշացում ստանալուց հետո բռնություն գործադրած անձը կրկին դիմել է բռնի գործողությունների։

Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն իր հերթին, լսելով կողմերի տեսակետները, ներկայացրեց իր դիրքորոշումը նախագծի վերաբերյալ.

«Ընտանեկան բռնության մասին օրինագծով որոշվել է կանխարգելման և պաշտպանության միջոցների ցանկից հանել նախազգուշացումը՝ որպես այդպիսին։ Ուզում եմ հիշեցնել, որ այս օրինագծի հիմնական նպատակն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելումն է։ Հենց բռնության կանխարգելման խնդիրն է պայմանավորում ամբողջ այս քաղաքականության փիլիսոփայությունը։ Երբ ծանոթացա նշված օրինագծին, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, թե պետական շահը ոչ այնքան բռնությունը կանխարգելելն է, որքան այս կամ այն պատժիչ միջոցը կիրառելը։ Մյուս խնդիրը, որն ինձ համար բացարձակապես անընդունելի է, և որի վերաբերյալ ես համապատասխան առաջարկ եմ ներկայացրել, գործուն զղջման ինստիտուտի բացառումն է։ Հենց նման որոշումներն են ինձ թույլ տալիս պնդել, որ խոսքը ոչ այնքան կանխարգելիչ, որքան պատժիչ միջոցների մասին է։ Եթե դուք ամբողջությամբ բացառում եք գործուն զղջման ինստիտուտը, ապա ակամայից այս հանցագործությունները դնում եք այնպիսի հանցագործությունների շարքում, ինչպիսիք են ցեղասպանությունը, ռազմական հանցագործությունները, դիվերսիան և այլն», — պարզաբանեց պատգամավորը։

Այդուհանդերձ, բավական երկարատև ու բուռն քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։