Սա ընդամենը առաջին փուլն էր. մենք շարունակելու ենք մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։

Նրա խոսքով՝ առջևում իրենց սպասվում են ընտրություններ ավելի խոշոր համայնքներում։

«Այս ընտրությունները հիշեցնում էին նախկինում անցկացվածները, բայց այն տարբերությամբ, որ այն ժամանակ ընդդիմադիր թեկնածուներին չէին ձերբակալում»,- նշել է Աբրահամյանը։

Պատգամավորի կարծիքով՝ ներկայիս ընդդիմությունը չի գոհացնում գործող իշխանությանը։

«Նրանց պետք է այնպիսի ընդդիմություն, որը նման կլինի «Քաղաքացիական պայմանագրին» և պատրաստ կլինի Ադրբեջանին զիջել ամեն ինչ՝ ոչնչի դիմաց»,- ընդգծել է պատգամավորը։