Հայ առաքելական եկեղեցու «ճգնաժամի» հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ներկայացրել է հանձնաժողովի գործունեության նպատակն ու սկզբունքները։
Հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում նա հավաստիացրել է, որ հանձնաժողովը չի զբաղվելու առանձին անձանցով, այլ կոչված է ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու պետություն-եկեղեցի հարաբերությունների կարգավորման, գույքային, հարկային ու ֆինանսատնտեսական հարցերի, ինչպես նաև քաղաքական կյանքին ու պետական ծառայությանը հոգևորականների մասնակցության և այլ թեմաների վերաբերյալ։
Լրագրողների դիտարկմանը, թե դա կլինի միջամտություն եկեղեցու ներքին գործերին, իսկ դատարանը վերջերս (կարգալույծ անելու գործերով) վճռել է, որ դա անթույլատրելի է, Եղոյանն արձագանքել է, թե լրագրողները լավ չեն հասկացել դատարանի որոշումը. խոսքն այնտեղ աշխատանքային պայմանագրի բացակայության մասին է, և հանձնաժողովը համապատասխան առաջարկ կներկայացնի՝ հետագայում նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար։
«Ահա ինչ-որ մեկը դարձավ առաջնորդ, իսկ որտե՞ղ է դա գրված։ Կա գույք և այլն, ինչպե՞ս են դա կառավարում»,– իրեն հուզող հարցերն է թվարկել Եղոյանը։ Պատգամավորին կրկին հիշեցրել են եկեղեցու ներքին գործերի մասին, ինչին նա պատասխանել է. «Ուզում եք ասել, որ պետության մեջ գույքային հարաբերությունները կարող են կարգավորվել ինչ-որ այլ օրենքներո՞վ։ Ի՞նչ փաստաթղթի հիման վրա»։ Ավելի համոզիչ լինելու համար Եղոյանը հիշեցրել է Աշխատանքային և Քաղաքացիական օրենսգրքերի գոյության մասին, թեև թե դրանց որ մասն է տարածվում ՀԱԵ-ի վրա՝ պատգամավորին անհասկանալի է։ Հաշվի առնելով, որ Քրեական օրենսգիրքը տարածվում է ամբողջությամբ, ինչին հայ հասարակությունն ականատես եղավ ոչ վաղ անցյալում, պետք է ենթադրել, որ օրենսդրությունն ընդհանուր առմամբ առանց որևէ բացառության տարածվում է ՀԱԵ-ի վրա, իսկ եկեղեցին պետությունից անջատելու սկզբունքը բոլորովին այլ բան է ենթադրում։
Թե իրականում որտեղ է թաղված շան գլուխը, կարելի է դատել ՀԱԵ-ի ինչ-որ ֆինանսական պարտավորությունների մասին բազմակի հիշատակումներից։ «Պետությունը ՀԱԵ-ին բազմաթիվ իրավունքներ է տվել, բայց պարտականություններ չկան։ Պարտականությունը, օրինակ, հաշվետվողականությունն է։ Հարկային հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ ինչ շրջանառություն ունի եկեղեցին, որոնք են այդ շրջանառության ծավալներն ու աղբյուրները, դրանից ստացվող եկամուտները։ Եթե եկամուտ չկա, գուցե պետությո՞ւնն օգնի։ Իսկ եթե կա, ապա թող եկամտից հարկ վճարի։ Արդյո՞ք հոգևոր սպասավորներն աշխատավարձ են ստանում, ինչո՞վ են ապրում»,– այս և հոգևորականների անձնական կյանքին առնչվող բազմաթիվ այլ հարցեր է թվարկել Եղոյանը։
Աշխատանքների արդյունքում հանձնաժողովը կպատրաստի զեկույց՝ օրենսդրական փոփոխությունների կամ ենթաօրենսդրական ակտերի ընդունման առաջարկություններով։
Եղոյանից կրկին հետաքրքրվել են՝ արդյոք հանձնաժողովը մտադիր է հասնել Կաթողիկոսի հրաժարականին, ինչին ի պատասխան նա նշել է, թե արդեն պատասխանել է այդ հարցին։ Ուղիղ հարցին ուղիղ պատասխան տալուց խուսափելը Եղոյանն ուղեկցել է լրագրողների հասցեին հարձակումներով՝ նրանց մեղադրելով ոչ միայն աղմկոտ վերնագիր ստանալու ցանկության, այլև պարզապես ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ. «Չե՞ք կարող գրել այն ամենից, ինչ ասացի։ Ի՞նչ է, ես ձեր փոխարեն պիտի գրե՞մ»։
Լրագրողներին վիրավորելու և դրանով իսկ անհարմար հարցերից խուսափելու փորձը չհաջողվեց։
Մամուլին հետաքրքրում էր նաև, թե ովքեր են հրավիրվելու հանձնաժողով։ Պարզվեց՝ բոլոր նրանք, ովքեր ասելիք ունեն. ընդ որում՝ և՛ հանձնաժողովն ինքը կհրավիրի, և՛ ցանկացողները կարող են դիմել հանձնաժողովին։ Ակնհայտ է, որ հանձնաժողովի աշխատանքը սպառնում է ձգձգվել անվերջ և կրկնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ճակատագիրը։ Միևնույն ժամանակ, նիստերի առյուծի բաժինը, եթե ոչ բոլորը, լինելու են դռնբաց, ինչն էլ կապահովի հայտնի լատինական ասացվածքի առնվազն կեսի իրականացումը։











