Տիգրանաշենի մանկական հրապարակում վերանորոգման աշխատանքների ընթացքում ոստիկանները խոչընդոտել են դրանց՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է սպասել համայնքային վարչակազմի աշխատակիցներին։ Միջադեպի մասին հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Վարդանյանը։

«Որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել համայնքային վարչակազմի երեք աշխատակից, որոնցից երկուսը՝ համայնքի ղեկավարի տեղակալներ էին։

Սկզբում նրանք ագրեսիվ տոնով պահանջել են հանել նոր գույքը և վերադարձնել հինը, սակայն մերժում են ստացել։ Դրանից հետո առաջարկել են հանդիպել խոշորացված Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանին և նրա հետ ընդհանուր լեզու գտնել, որպեսզի նա թույլ տա շարունակել աշխատանքները։

Նրա հետ մեր հանդիպումը երկար չի տևել, և դրա ընթացքում նա նույնպես ագրեսիվ տոնով պահանջել է նույնը, ինչ իր տեղակալները՝ հայտարարելով, որ մինչև խաղահրապարակը վերանորոգելը պետք էր իրենից թույլտվություն խնդրել։ Աշխատանքները պետք է իրականացվեին «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորների ստացած պարգևավճարների հաշվին։ Նա սպառնացել է ինձ դատի տալ՝ չպարզաբանելով, թե ինչ հիմքով»,- նշել է Վարդանյանը։

Նա պատմել է նաև, որ այսօր իրեն զանգահարել է մարզի նախկին մարզպետի, ներկայիս մարզպետի որդին՝ Ռազմիկ Թևոնյանը, և կոպիտ ձևով հայտարարել է. «Հերիք ա Տիգրանաշեն ասեք, գինը բարձրացնում եք։ Սա Քյարքի է, ոչ թե Տիգրանաշեն»։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մեկ այլ անդամ Աշոտ Մարկոսյանը նշել է, որ իշխանությունները պատրաստ են դատի տալ բոլորին, ովքեր ինչ-որ բան են անում երկրի օգտին։

Նա Ասլան Ավետիսյանին կոչ է արել սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն այցելել Տիգրանաշեն, տեսնել գյուղի ճանապարհների վիճակը և լուծել այդ ու մյուս խնդիրները, այլ ոչ թե սպառնալ նրանց, ովքեր ցանկանում են գյուղի զարգացումը։

Մարկոսյանը նշել է, որ իշխանությունները չեն ցանկանում գյուղի զարգացումը, որպեսզի այն նույնպես հանձնեն Ադրբեջանին։

«Մենք ասում էինք, որ դեմ ենք այդ զիջմանը և զարգացնելու ենք գյուղը»,- եզրափակել է նա։