Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի կարևոր հարաբերությունները, ես էլ, իմ գործընկերներն էլ միշտ էլ շատ զուսպ ենք և գնահատականներում փորձում ենք լինել հնարավորինս օբյեկտիվ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հյարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս արգելվել է ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ։

«Իհարկե, մտահոգիչ է, որ Ռուսաստանում նման գործողություններ են իրականացվում, բայց այս հարցերի պատասխանները և այս խնդիրների լուծումը ռուսական կողմը պիտի տա։ Ես չեմ կարծում, որ մասնավորապես իմ գործընկեր Լուսինե Բադալյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում որպես ԱԺ պատգամավոր այնպիսի գործողություններ է արել կամ այնպիսի հայտարարություններ է արել, որոնք կարող էին որևէ կերպ սահմանափակել նրա մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Լավ կլինի, որ Ռուսաստանի մեր գործընկերները պարզաբանեին թե ի՞նչ է տեղի ունեցել»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում ասում էր, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում մեր դեմ, նաև 44–օրյա պատերազմի հետ կապված ՔՊ–ականները սլաքներն ուղղում են Ռուսաստանի դեմ, Խանդանյանն ասաց. «Դրանք տեսակետներ չեն, դրանք փաստեր են։ Երբ բացում ես ռուսական պետական հեռուստաալիքները, քաղաքական հաղորդումները և լսում ես այն ամբողջ ուղերձները, որոնցից որոշները նաև հեռարձակվում են Հայաստանում, ակնհայտ է, որ դրանք հիբրիդային հարձակման տարրեր են պարունակում։

Կամ մեր գործընկերները՝ պետական դումայի պատգամավորները, հանձնաժողովի նախագահները օրումեջ հայտարարություններ են անում, որոնք չեն բխում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների և ապագայի շահերից»,–ասաց նա։

Հիշեցմանը, որ Հայաստանն էլ արգելել է Զատուլինի մուտքը Հայաստան, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Նրա հայտարարությունները շատ ուղիղ կերպով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախությանն են վնասում և իսկապես չեն բխում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական հարաբերություններից, իսկ մենք գործողությունների վերաբերյալ արձանագրումներ ենք արել, այդ թվում և նաև այն բոլոր գործողությունների, որոնք տեղի են ունեցել մեր հարաբերություններում վերջին վեց տարիներին»։

Ինչ վերաբերում է նրան, որ Շիրակի ՔՊ–ական մարզպետ Դավիթ Առուշանյանն է գրառում արել, ռուսների հասցեին կիրառելով «իվաններ» արտահայտությունը, Խանդանյանն ասաց. «Ես, ճիշտն ասած, այդ փաստից տեղյակ չեմ և չեմ կարող գնահատական տալ, կոնտեքստն է կարևոր, թե ինչ կոնտեքստում է ասվել։ Այնուամենայնիվ, լավ կլինի, որ պաշտոնական մակարդակում մեկնաբանեն, պարզաբանեն, թե ինչ խնդիրներ կան և այդ խնդիրները հնարավոր է քննարկել, լուծել, հասկանալ, ինչպես մյուս բոլոր խնդիրները»։

Խոսելով հայ–ռուսական հարաբերությունների լարվածության մասին, նա նկատեց, որ այդտեղ Հայաստանի մեղքը չկա. «Մենք ի՞նչ անենք, երբ Ռուսաստանը անհիմն, քաղաքականապես մոտիվացված տնտեսական սահմանափակումներ է անում և հետն էլ մեր պատգամավորի մուտքն է փակում։ Այդտեղ մեր մեղքի բաժինը ո՞րն է, մեր կողմից մենք ի՞նչ չենք արել»։

Դիտարկմանը, որ Ռուսաստանը պահանջում է կողմնորոշվել ԵՄ–ի ու ԵԱՏՄ–ի միջև, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Մենք շատ լավ կողմնորոշված ենք և այդ հարցերի պատասխանները տվել ենք, որ մենք մեր ժողովրդին պետք է ցույց տանք, որ կան այլընտրանքներ։ Մենք շատ լավ գնահատում ենք, գիտենք, որ այդ երկու ինտեգրացիոն կառույցները իրար հետ համատեղելի չեն և երբ գա այն պահը, երբ պետք լինի կայացնել որոշումներ, Հայաստանը կկայացնի այդ որոշումները։ Մենք շարունակում ենք լինել ԵԱՏՄ անդամ և ես կարծում եմ՝ ԵԱՏՄ–ն մեր անդամակցությունից բավականին շահում է թե տնտեսապես, թե քաղաքական առումով։

Մենք ասում ենք, որ մենք ԵՄ–ի հետ մեր հարաբերությունները խորացնելով դիվերսիֆիկացնում ենք մեր հնարավորությունները։ Դա սխալ պնդում է, թե դա մենք անում ենք իրենց հաշվին։ Մենք դա անում ենք մեր աճող տնտեսության հաշվին, մեր ժողովրդի աշխատանքի հաշվին և նաև մեր կառուցած հարաբերությունների ու վարած արտաքին քաղաքականության հաշվին։ Այս հարցերը առաջիկայում քննարկվելիք հարցեր են։

Պետք է հետևենք գործընթացներին կյանքին ու հասկանանք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Այնուամենայնիվ, Հայաստանը կառուցողական է տրամադրված բոլոր հարցերը քննարկելու և լուծելու։

Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետությունը բարեկամական են և խորն են, և բազմաշերտ են, սա մերժել հնարավոր չէ, բայց ինչպես Հայաստանի կառավարության ծրագրում է նշված, հանգամանքների բերումը մեր հարաբերությունները տրանսֆորմացիայի կարիք ունեն։ Ես կարծում եմ, որ այդ տրանսֆորմացիան հիմա է տեղի ունենում»։

Հիշեցնենք, որ Գյումրու օրվա առթիվ «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած տոնական համերգի առիթով Շիրակի մարզպետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։

Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։

Հ.Գ. Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք․ մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից բարձր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։

Գաստրոլյորներ, զգույշ եղեք...»։

Սրան կտրուկ արձագանքել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը՝ նշելով. «Տարակուսանքով ենք ընկալել 2026 թվականի հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզպետ Դ.Վ. Առուշանյանի՝ Facebook սոցիալական ցանցում իր անձնական էջում կատարած գրառման մեջ տեղ գտած որոշ «իվանների» հիշատակումը, որն ակամայից հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։

Չենք ցանկանա մտածել, որ պաշտոնատար անձը, որը ղեկավարում է տարածաշրջանը, որտեղ ծառայություն են իրականացնում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային արտահայտություններ, որոնք կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսների նկատմամբ, ինչը արմատապես կհակասեր մեր երկրների ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության ոգուն»։