ՔՊ-ն Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններին մեկ դեմքով է մասնակցել, դա Արայիկ Ներսիսյանն է եղել, որը գլխավորել է մեր ցուցակը, և ընտրությունների արդյունքում ունենք այն, ինչ որ ունենք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում NEWS.am—ի հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Ստեփանավանում ՔՊ–ից բացի ընտրություններին մասնակցել է «Գործարար» կուսակցությունը, որի առաջին համարը և այլ անդամներ ՔՊ–ականներ են և հենց այդ ուժն էլ հաղթել է, հետևաբար ստացվում է, որ ՔՊ–ն մոլորության մեջ է գցել ընտրողներին և ընտրություններին մասնակցել է երկու դեմքով։

«Առաջիկայում, ինչպես օրենքն է սահմանում, պիտի համայնքապետ ընտրվի, դուք արդեն ծանոթացել եք մեր հայտարարությանը, որ աջակցելու ենք Արմեն Գրիգորյանին։ Արմեն Գրիգորյանը հաղթել է, ես առիթից օգտվելով ուզում եմ նաև շնորհավորել նրան։ Ես անձամբ ճանաչում եմ, իր հետ աշխատել եմ մոտ երեք տարի։ Ինքը շատ լավ համայնքապետ է։

Այստեղ կարևորն այն է, որ ժողովուրդ է որոշել, և մենք դա պիտի ի գիտություն ընդունենք»։

Հարցին՝ արդյոք ՔՊ–ն ընդդիմությանը շանս չթողնելու համար է որոշել երկու քաղաքական ուժով մասնակցել, Արամ Խաչատրյանը բացասական պատասխան տվեց. «Հարցի ենթատեքստը հասկանալի է, բայց ոչ։ Մենք երբեք մարդկանց չենք շփոթեցնում։ Մենք ազնիվ ենք մեր գործողությունների մեջ, մենք ազնիվ ենք մեր քաղաքացիների հետ»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտարարություն էր տարածել. «Համաձայն նախօրոք ձեռք բերված փոխըմբռնման՝ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին։

Ընտրական տեխնիկական պահանջների բերումով պրն. Գրիգորյանը ստիպված է եղել սառեցնել անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն ապասառեցնելու համար արդեն համապատասխան դիմում է ներկայացրել։

Ընդգծեմ, որ չենք պատրաստվում համայնքի ավագանում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, այլ հանդես ենք գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»։

Նշենք, որ հոկտեմբերի 25–ին Ստեփանավանում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ ՔՊ–ն, «Ուժեղ Հայաստանը», «Գործարար» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։

Այստեղ առաջատարը «Գործարար» կուսակցությունն է, որն ստացել է 41.38% ձայն։ ՔՊ–ն ստացել է 35.20% ձայն, «Ուժեղ Հայաստանը»՝ 19.62% ձայն, իսկ «Հանրապետությունը»՝ 3.41%, ձայն։

Մանդատների նախնական բաշխվածությունը հետևյալն է՝

Գործարար - 9

Քաղաքացիական պայմանագիր - 8

Ուժեղ Հայաստան – 4

«Գործարար» կուսակցությունը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։ Մինչեւ ընտրությունները Արմեն Գրիգորյանը իր տված հարցազրույցներից մեկում բացառել էր ՔՊ-ի հետ համագործակցությունը: