Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ընթանում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։

Գագիկ Խաչատրյանին այսօր շտապ օգնութան մեքենայով տեղափոխեցին դատարան։ Դատական նիստն ընթանում է փակ ռեժիմով։ Մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, այսօրվա նիստում քննարկվելու է երկու ամսով կալանքը երկարացնելու միջնորդությունը։ Մինչդեռ, ըստ նրա, Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է, պառկելախոցեր են առաջացել մի քանի հատվածներում։

«Սեպտեմբերի 2-ից սկսած, երբ Գագիկ Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, գոնե մեկ անգամ ոտքի վրա չի կանգնել։ Ինքնուրույն հնարավորություն չունի, իսկ այնտեղ որևէ մեկն այդ գործողություններ չի կատարում։ Մարդիկ երբ մեջքի վրա երկար պառկած են մնում, պառկելախոցեր են առաջանում, արդեն դրանց սկիզբը կա»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով, կա նաև թոքաբորբի վտանգ, սակայն անհրաժեշտ հետազոտություն չի իրականացվել։