Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափեց ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարման և TRIPP նախագծի տարբերության մասին հարցին պատասխանելուց։

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց բարձրացրեց, թե արդյոք ՀԿԵ-ի վերաբերյալ պայմանագրում հղում կա Հայաստանի ինքնիշխանությանը, անխոչընդոտ տեղաշարժին և այլն՝ այն ամենին, ինչ կա TRIPP նախագծի վերաբերյալ պայմանագրում։ Պատգամավորը նաև հիշեցրեց, որ անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում փաստաթղթերի ստորագրման ժամանակ Թրամփը նախագծի առնչությամբ օգտագործել էր «հատուկ տարանցիկ գոտի» արտահայտությունը։

Թեև Խաչատրյանը հարցն ուղղել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, պատասխանել ստանձնեց վարչապետ Փաշինյանը։ Փաշինյանը բավական պաթետիկ կերպով հայտնեց, որ Հայաստանի ամբողջ տարածքը կարող է օգտագործվել ցանկացած նախագծի համար։ «Ինչո՞ւ է երկաթուղին այնտեղով անցնում, որովհետև նախկինում այնտեղով ճանապարհ էր անցնում։ Խողովակաշարը կարող է այլ ճանապարհով անցնել՝ Գեղարքունիքով, Տավուշով։ Այս միտքն էր փորձում փոխանցել Մհեր Գրիգորյանը», - հայտարարեց Փաշինյանը՝ նկատի ունենալով նախագծի համար նախատեսված տարածքի լայնության մասին նախորդ հարցը։ Ինչ վերաբերում է Թրամփի խոսքերին, ապա դրանց հաջորդել են բանակցություններ, տեքստը համաձայնեցվել և վավերացվել է, իսկ թե ով ինչ է ասել՝ ի՞նչ նշանակություն ունի։ Բանավոր խոսքը մի բան է, ստորագրված փաստաթուղթը՝ այլ, պատասխանները պետք է փնտրել փաստաթղթերում, հայտարարեց Փաշինյանը։

Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ հարցն ուղղված էր Գրիգորյանին, և կրկնեց այն՝ արդյոք ՀԿԵ-ի հետ պայմանագրում հիշատակվո՞ւմ են ինքնիշխանությունն ու անխոչընդոտ անցումը։ Փաշինյանն ըստ էության պատասխանը կատակի վերածեց՝ պատմելով, որ ՀԿԵ-ով երթևեկելիս վաղ թե ուշ ճանապարհն ավարտվում է, և հենց դրանում է TRIPP-ից տարբերությունը։ Ըստ էության, Խաչատրյանի հարցն այն մասին էր, որ երկու դեպքում էլ ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, հետևաբար պայմաններն էլ պետք է համանման լինեն։