Շատ տրամաբանական կլիներ, եթե նախ և առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրվեր, հետո ԹՐԻՓՓ նախագիծը առաջ մղվեր, բայց քանի որ հետևողականորեն առաջ եք մղում ԹՐԻՓՓ նախագիծը, հարց է առաջանում, արդյո՞ք սրանով փորձ եք անում քողարկել այն իրողությունը, որ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման գործընթացը ձախողել եք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին, հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
«Եթե կասեք՝ ոչ, խնդրում եմ ներկայացնել հաշտության համաձայնագրի նախնական կնքումից հետո հայանպաստ ինչ առարկայական արդյունք ունեք»,–ասաց նա։
Ի պատասխան Արարատ Միրզոյանն խնդրեց մի փոքր «խլել» ժամանակից և անդրադառնալով նույն խմբակցությունից Մարիաննա Ղահրամանյանի հարցին. «Այսօր իմ անունը շատ տվեց և վերագրեց մտքեր, որոնք ես կարծում եմ՝ չէի կարող ասած լինեի, վստահաբար չեմ ասել։ Ասում եք՝ ես ասել եմ, որ ԹՐԻՓՓ–ն ունի աջ ու ձախ կողմեր, և հետևաբար աջ ու ձախ կողմերն էլ են ԹՐԻՓՓ։ Պատկերացրեք՝ տրուբա, «կոլ դյույմ» կամ «տրի չետվերտ», էդ տրուբեն տարանք մեր տան մեջ վերանորոգում ենք, դրեցինք մի ծերից մեկը:
Էդ տրուբեն էսթետիկ ոչ մի բան չունի, չէ՞, պիտի մի տեղից ջուրը գա, մի տեղից գնա, չէ՞: Հիմա երկաթուղու մեր մասը ունի սկիզբ, ունի վերջ, աջ, ձախ։ Երկաթուղին, ինչպես նաև տրուբեն, ի՞նչ իմաստ ունի ինքն իրենով, ինքը պիտի մի տեղից գա, մի տեղ գնա։ Այ հենց մեր տան մասը կոչվում է ԹՐԻՓՓ–ի նախագծերից մեկը։ Կլինի նավթամուղ, կարող ա կուխնիում դնենք, կլինի գազամուղ՝ բալկոնով կանցկացնենք, կհասկանանք։ Դա է տարածքի խոսակցությունը։
Հիմա նախաստորագրում է եղել, դա եղել է 2025–ի օգոստոսի 8ին։ Դրանից հետո, ինչպես գիտեք, Ադրբեջանը իր տարածքը բացել է մեր ապրանքների շարժի համար, Հայաստանից իրենց տարածքով դեպի երրորդ երկրներ, դրանից հետո երկկողմ առևտուր ենք սկսել, մեզնից ապրանք են առնում ադրբեջանական ընկերությունները, մենք իրենցից ենք առնում, այդ թվում նավթամթերք։
Դրանից հետո գերիների խումբ է ազատ արձակվել, դրանից հետո քաղհասարակություններն են իրար այցելել, տարբեր պաշտոնյաներ են այցելել սահմանազատման ուղղությամբ։
Հլը այն, որ զոհ չկա, խաղաղություն է, որը դուք համարում եք, որ չի գործում, դնում եմ մի կողմ։ Չգիտեմ, օգնեք ինձ մի հատ հասկանամ՝ ինչ եք հարցնում, որ պատասխանեմ»,–ասաց նախարարը։
Յոլյանն արձագանքեց. «Դուք շատ լավ գիտեք ես ինչի մասին եմ խոսում։ Միջազգային իրավական պարտավորությունների մասին է խոսքը, ի՞նչ եք արել, որպեսզի նախաստորագրված համաձայնագրի համատեքստում լինեն միջազգային իրավական պարտավորություններ և Հայաստանի Հանրապետության խաղաղությունը կախված չլինի Ալիևի քաղաքական կամքից կամ որոշումները փոխելու հնարավորություններից։ Իրավական հիմքեր, ոչ թե օդում կախված խոսակցություններ։ Դուք որպես բանակցող ի նպաստ Հայաստանի Հանրապետության այս մասով ի՞նչ եք արել՝ բացի բանավոր խոսքերից»։
Արարատ Միրզոյանը նկատեց, որ երբ կողմերը ստորագրում են պայմանագիրը այդ պահից մտնում է ուժի մեջ» «Էլ չասած, որ մի հատ էլ վավերացնում են, դա դառնում է միջազգային պայմանավորվածություն իրավունքներ երկու կողմերում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ուրիշ բան չկա, միջազգային պարտավորության մեխանիզմը ո՞րն է։ Էլի այն երաշխավորի խոսակցությունն է, իրավական հիմք է տեղով պայմանագիրը, ուրիշ հիմք ինձ հայտնի չէ։
Մեղրի գնալու եմ ինձ հարմար ժամանակ, ինձ հարմար բոլոր հնարավոր ուղղություններով։ Եթե երկաթուղի լինի, երկաթուղիով էլ կգնամ։ Ենթադրում եմ, որ ամբողջապես ապաշրջափակեցինք, սահմանազատեցինք էլ, այդ մյուս ճանապարհով էլ կգնամ, ի՞նչն է խնդիրը։ Ես սահմանափակում չեմ պատկերացնում»։











