Եթե իշխանությունը հայտարարում է, որ խաղաղությունը գետնի վրա կա, առևտրաշրջանառությունը կա, հարց է առաջանում՝ բա ինչի՞ չկա խաղաղության պայմանագիրը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
«Ինչու է, որ երբ իմ գործընկերներն ասում են՝ դե եկեք խաղաղության պայմանագիրը ստորագրենք, դուք ինչ–որ սահմանադրության փոփոխությունից եք խոսում։ Ես 2025–ի օգոստոսի բոլոր փաստաթղթերն ուսումնասիրել եմ, այտեղ ոչ մի տեղ գրված չի սահմանադրության փոփոխություն։ Նախաստորագրված խաղաղության փաստաթղթերում էլ այդ մասին որևէ բան չկա գրված։ Եթե ամեն ինչ լավ, է խաղաղությունը կա, ինչի՞ համար խաղաղության պայմանագրի ստորագրման դժվարություն կա։ Իսկ գուցե խաղաղության պայմանագրի անհրաժեշտություն չկա, ըստ ձեզ։ Բա եթե խաղաղության պայմանագրի անհրաժեշտություն չկա, ինչի՞ համար եք սահմանադրության նախաբանի նկատմամբ ոտնձգություն նախապատրաստում»,–ասաց նա։
Ի պատասխան ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն ասաց. «Մեզ հայտնի է, որ նախաստորագրված խաղաղության պայմանագրի մյուս կողմն ունի իր պատկերացումները այդ պայմանագրի ստորագրման մասին։ Էն մի կողմն ասում է՝ պիտի էսինչ բանը լինի, նոր ես կստորագրեմ։ Մենք ասում ենք՝ չենք կիսում ձեր կարծիքը, մի հատ ասեք, թե որն է ձեր հիմնավորումը։ Ասում են՝ իրավական խոչընդոտ, ական է դրված և այլն։ Մենք էլ ասում ենք՝ մենք ձեր մտահոգությունը լսեցինք, մենք համոզված ենք, որ ձեր մտահոգության իրական հասցեագրումը բուն համաձայնագիրն է։ Այն ինչ որ դուք մտածում եք, համաձայնագրում գրված է, լավագույն ճանապարհը հենց համաձայնագիրը ստորագրելն է, եկեք ստորագրենք, վավերացնենք, ձեր հարցերը կլուծվի։ Իրենք ասում են՝ չէ մենք այդպես չենք մտածում։
Իրենք էլ ասում են՝ լավ, երբ այդ հարցը կլուծվի, կվերադառնանք դրան, բայց մինչ այդ եկեք իրար հետ այդ հարաբերությունները կառուցենք, առևտուր անենք, ճանապարհները բացենք քիչ-քիչ, գնալ-գալ լինի և այլն։
Իրենք ասում են՝ սա պահանջ չի, չենք քննարկում, ձեր ներքին գործն է, ուղղակի որ հարցնում եք, ասում ենք, որ մենք կստորագրենք, երբ որ այն հարցը լուծված կլինի, բայց օքեյ, լավ, դա հլը թող մնա, եկեք գնանք առաջ։ Սա է իրականությունը»,–ասաց Արարատ Միրզոյանը։
Նար հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին և ստացավ դրական պատասխան, որ «Ուժեղ Հայաստանը» կողմ է խաղաղության նախաստորագրված պայմանագրին. «Սա շատ կարևոր պատմական արձանագրում է, ընդիմադիր ֆրակցիան համարում է որ նախաստորագրված պայմանագրի տեքստը բանակցելու, վերաբանակցելու կարիք չկա, նորմալ է և պետք է ստորագրել։
Հիմա ուզու՞մ եք մեզ իշխանությունից հեռացնեք, այո, ուզում եք։ Հասկացա՞ք, որ մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը համաժողովրդական քվեարկությունն է, մնացածը չի անցնում։ Ռազմական հեղաշրջում փորձել եք, կղերա–ֆեոդալական շարժում փորձել եք, մահափորձ փորձել եք, ինձ փորձելե են սպանել ինչ-որ մարդիկ։ Եկեք ֆիքսենք, որ մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը ընտրություններն են։ Եկեք բերենք սահմանադրության նախագիծը, դուք այստեղից ասեք՝ մենք այս սահմանադրության նախագիծը դատապարտում ենք, եկեք գնանք սահմանադրության հանրաքվեի։ Սա լավ առիթ է, ժողովուրդը կասի ոչ սահմանադրությանը, մենք էլ հրաժարական կտանք, կգնանք: Վատ բա՞ն եմ ասում»,– ընդգծեց ԱԳՄԱ նախարարը։
Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ Տավուշում սահմանազատում եղավ, հետո չշարունակվեց, ապա շարունակեց. «Հիմա էլի համանման տրամաբանությամբ ասում են՝ եկեք հիմա մի հատ էլ ԹՐԻՓՓ–ը արագ կազմակերպենք, այո, խոստանալով, որ դա պետք է փոխադարձ լինի, բայց խաղաղության պայմանագիրը չկա։ Այս տրամաբանությամբ իրենց վարքագիծը որտեղի՞ց է տալիս ձեզ այն կանխավարկածը, որ հետո մի հատ էլ ուրիշ մի բան չեն ասի»։
Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Մի հատ ֆանտաստիկ տեղ հասանք. Ես ճի՞շտ եմ հասկանում, որ դուք ասում եք, որ եթե դա է վերջին կետը, քննարկելի է, կարանք գնանք դրան։ Ես առաջարկություն ունեմ, սա քաղաքական առաջարկ է ձեզ, հուսով եմ վարչապետը կհամաձայնվի, եթե հաստատվի, որ դա վերջին քայլն է, որ պակասում է մեզ խաղաղությանը, գալի՞ս եք գնանք դրան։ Մտածեք, ասեք»։











