Ես միշտ զարմանքով եմ վերաբերվել այն մարդկանց, որոնք, անցնելով մասնագիտական ուղի և հասնելով որոշակի բարձունքների, ինչ-որ պահի սկսում են զրոյացնել իրենց կյանքն ու կենսագրությունը՝ դրանք կապելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստում՝ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ նկատի ունենալով իշխող ուժի կողմից առաջադրված թեկնածու Կարեն Առուստամյանին։

Պատգամավորը, մասնավորապես, ընդգծեց, որ թեկնածուին ոչ ոք չէր պարտադրում գնալ այդ քայլին, առավել ևս, որ նա ունի մասնագիտական գիտելիքներ, հաջողությունների է հասել իր ոլորտում և գիտական աստիճան է ստացել։

«Նա կարող էր շարունակել դասախոսական ու գիտամանկավարժական գործունեությունը և չարատավորել իր անունը։ Ավելին՝ լինելով ծնունդով Արցախից, Լեռնային Ղարաբաղը թշնամուն հանձնելուց հետո նա ինչ-ինչ պատճառներով որոշել է իր անունը կապել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Ես ցավում եմ ձեզ համար և հաջողություն ձեզ չեմ մաղթում»,- ասաց Ղազարյանը։