Այսօր Նիկոլ Փաշինյանի խոսույթից մի հետաքրքիր հանգամանք է բացահայտվել. Երբ խաղաղության պայմանագրի շրջանակներում խոսում էին իբրև խոչընդոտը սահմանադրության փոփոխությունն է, այսօրվա իր ճեպազրույցից պարզ է դառնում, որ այդպես էլ չի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
«Ստացվում է Ադրբեջանը նույնիսկ այդ պայմանին էլ պատրաստ չի։ Երբ ինքն ասում է, որ մենք կփորձենք դեռ ստանալ երաշխիք որ այլ պահանջներ չեն լինելու դա նշանակում է որ հիմա էլ չունեն։ Մինչդեռ իրենք խոսում էին, որ խաղաղությունը արդեն կա։
«ՔՊ կուսակցությունը հաճախ աչքի է ընկել, իրենց կողմից ինչ ուզեն խոսեն տրամաբանությամբ։ Դա այն նույն մարդիկ են, որոնք ասում էին, որ եթե ՔՊ–ն սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու։ Հիմա չեն ստացել, ժողովուրդը չի տվել։ Աղետալի պատերազմի մասին խոսք չկա։ Մյուս կողմից ասում են՝ ամեն ինչ միայն խաղաղության մասին է, ու այդտեղ էլ մեզ հակադարձում են, ասում են՝ ինչի համար դուք ԹՐԻՓՓ–ին կողմ չեք քվեարկում։ Իսկ մենք ասում ենք, որ ստացվում է Ադրբեջանը հերթական անգամ ձեզ խաբել է, գցել է, նույն հաջողությամբ էլ, իրենք մեր հայրենակիցներին են խաբել, որովհետև երբ ասում են՝ «Տեր կանգնիր խաղաղությանը», ուրեմն խաղաղությունը պետք է լինի, բայց ստացվում է, որ այդ խաղաղությունը չկա։ Եթե կա, էլ ի՞նչն է դժվարությունը խաղաղության պայմանագիրը ստորագրելու»,–ասաց նա։
Հարցին՝ եթե դուք գաք իշխանության և զբաղվեք խաղաղության գործընթացով, այդ ո՞ր զիջումներն է, որ պիտի չանեք, որ անում է գործող իշխանությունը, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Դուրս եկեք փողոց, մարդկանց հարցրեք, ասեք ի՞նչ է զիջել այս տարիների ընթացքում ՔՊ–ն, դուք կբախվեք բավականին զայրացած արձագանքի։
Մենք ոչ միայն հայ մարդկանց արյունով պաշտպանված հող ենք կորցրել ու կորցրել ենք այնպես, որ այնտեղ ոչ մի հայ չկա, հայաթափվել է Արցախը։ Նույն հաջողությամբ եկեք նայենք Տավուշի մարզում տեղի ունեցած սահմանազատումը, դրանից Հայաստանն ի՞նչ է շահել։ Հայաստանը ոչինչ չի շահում, դա պերմանենտ զիջում է։
Իսկ խաղաղություն առանց զիջումների կոնցեպտի վերաբերյալ ավելի մանրամասն նաև կներկայացվի առաջիկայում, բայց էությունը շատ պարզ է: Այո, մենք ուզում ենք խաղաղություն, բայց մենք այլևս չենք ուզում այս զիջումների շղթան, երբ օրինակ դու տեսնում ես, որ որևէ մի փոխադարձություն չկա քո հարևան երկրից, բայց քեզ հասցեագրված պահանջները կան:
Հիմա էլ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ դուք բոլորդ, ես էլ ներառյալ, պետք է իրենցից ներողություն խնդրենք։ Դա դուք նորմալ համարու՞մ եք»,–ասաց նա։











