Երբ ինչ-որ մեկը փորձում է հարվածել մեր պատգամավորին, նա պատասխան կստանա, իսկ համարժեք, թե ոչ համարժեք՝ կարևոր չէ։ Դրա մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, իշխող «ՔՊ» կուսակցության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանը։
«Ո՞վ է ասել, որ քաղաքական խոսքը պետք է հաճելի լինի հակառակ թևի ներկայացուցիչների համար»,- հարց է տվել նա։
Ալեքսանյանը հավաստիացրել է, որ իշխող կուսակցության պատգամավորի կողմից վիրավորանքներ չեն հնչել։ Այս ամենը վա՞տ է, թե՞ ոչ։ Վատ է։ Առաջին հերթին՝ նրանց համար։
«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի թիկնապահների սանձարձակությունը հայտնի է եղել տասնամյակներ շարունակ։ Դա հերթական անգամ դրսևորվեց նաև այսօր։ Կարծում եմ՝ իրավիճակը, երբ ինչ-որ թիկնապահ խորհրդարանի տարածքում բռնություն է գործադրում լրագրողի նկատմամբ, դատաիրավական համակարգի բացթողումն է։ Մյուս լրագրողներին ևս պետք է հետաքրքրի, թե ինչու է նա ազատության մեջ»,- ասել է Ալեքսանյանը։
«Դատապարտում եմ միջադեպի սկիզբը, բայց չեմ դատապարտում դրան մեր պատասխանը։ Բռնությանը բռնությամբ պատասխանելը, կարծում եմ, երբեմն տրամաբանական է։ Տրամաբանական չէ սպասել, որ ընդդիմադիրը խորհրդարանի ամբիոնի մոտ կհարվածի իշխող կուսակցության պատգամավորին, և դա հետևանքներ չի ունենա։
Մեր պատգամավորի նկատմամբ բռնություն է գործադրվել, և ի պատասխան դրան՝ ջարդուփշուր է եղել։ Նորմալ է, որ ես այս իրավիճակում կանգնել եմ մեր խմբակցության պատգամավորի կողքին»,- ընդգծել է նա։
Փոխխոսնակը կոչ է արել չսրբացնել այն աթոռի դրվագը, որն ինքը ծեծկռտուքի ժամանակ նետել էր ընդդիմադիրների ուղղությամբ։
Նրա ասելով՝ երեկ «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը դեմ են քվեարկել TRIPP նախագծին, որն ապահովում է Հայաստանի զարգացումը, բերում ամերիկյան խոշոր ներդրումներ և Հայաստանը դարձնում ԱՄՆ-ի խոշոր գործընկեր։
Նա հնարավոր է համարել, որ ընդդիմության համար քաղաքական ծանր իրավիճակ է ստեղծվել։
«Ընդդիմությունն ընդունել է Նիկոլ Փաշինյանից իր պարտությունը, ընդունել է, որ չի կարող բանավեճի մեջ մտնել նրա հետ»,- ընդգծել է Ալեքսանյանը։
Նա հայտնել է, որ այսօր սենսացիոն իրադարձություն է տեղի ունեցել․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ելույթում Փաշինյանին մեղադրել է «Սասնա ծռեր» կուսակցության բողոքի ցույցերը ցրելու մեջ։ «Սա հետաքրքիր նրբերանգ է պարունակում»,- նշել է փոխխոսնակը։











