Գործի մանրամասներին տեղյակ չեմ, բայց բոլոր դեպքերում անհնար եմ համարում որևիցե իրավական գործընթաց այս հարցում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի տան դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտյան Սամվել և Նարեկ Կարապետյանների տների, ինչպես նաև նրանց հետ առնչվող 60–ի ց ավելի անձանց հասցեներում համաժամանակյա խուզարկությունների մասին։

«Փոքր երեխային էլ պարզ է, թե սա ինչ է, ինչից է սկսվել։ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարությունից հետո, որպես կանոն, հետևում են կոնկրետ գործողություններ։ Երբ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշում կայացվեց անցյալ տարի ամռանը՝ երկու կախարդական բառերի համար, սա դրա շարունակությունն է, բայց այստեղ Նիկոլ Փաշինյանը կարծես ավելի հեռու է գնում։ Երբ երկրի ղեկավարը հայամետ չի լինում, մենք ականատես ենք լինում հենց նման պատկերների։ Երբ ինքը ասում էր, թե առաջարկ ունեմ անելու ընդիմությանը, որից իրենք չեն հրաժարվի, ենթադրում եմ, վստահ եմ, որ հենց նմանատիպ ռեպրեսիաների մասին էր խոսքը։

Բայց ամենակարևոր բանը Նիկոլ Փաշինյանը հաշվի չի առնում։ Եթե մտածում է, որ Սամվել Կարապետյանին կալանավորելով, մեզանից ինչ-որ մեկին կալանավորելով հասնելու են իրենց ուզածին, չարաչար սխալվում են, որովհետև վստահ եմ, որ մեր թիմում, սկսած մեր առաջնորդից, ազատությունը ստորադասված է հայրենասիրությանը։ Այնպես որ նույն ձև, նույն պայքարով գնում ենք առաջ»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանի խոսքով, խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։

Մամուլի տեղեկություններով, խոսքը ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործության մասին է։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։