Մենք ականատեսն ենք հերթական ապօրինության, որն իրականացվում է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդների ու թիմի դեմ։ Ի՞նչ է նշանակում խուզարկություն մի վայրում, որտեղ արդեն խուզարկություն եղել է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի տան դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտյան Սամվել և Նարեկ Կարապետյանների տների, ինչպես նաև նրանց հետ առնչվող 60–ի ց ավելի անձանց հասցեներում համաժամանակյա խուզարկությունների մասին։

Նրա խոսքով, կատարվողի տրամաբանությունը հուշում է, որ քննիչներն անցած խուզարկության ժամանակ բանալի կամ այլ իր են կորցրել. «Սարկազմ է, չէ՞, ամեն ինչ կարող է լինի, բայց լրջություն չի կարող լինել այս ամեն ինչի մեջ։ Ինչի՞ հետ է սա կապված։ Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ սահմանադրության նախագիծ պետք է դնեն շրջանառության մեջ։ Պարզ է, որ Սրբուհի Գալյանն այդ նախագծի հետ կապ ունի այնքան, ինչքան Դանիել Իոաննիսյանը։ Իոաննիսյանն ասաց, որ կապ չունի, քանի որ սահմանդրական խորհրդի անդամ է, բայց չի տեսել այդ նախագիծը։ Սրբուհի Գալյանին ո՞վ պետք է ցույց տված լինի, Հաջի՞ևը, թե՞ Բայրամովը»,-ասաց Ղազարյանը։

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանին՝ նշելով. «Եթե մտքով արդեն անցնում է, որ պետք է հրաժարական տա, նշանակում է՝ իր գլխում դեռևս մեկ առողջ բջիջ մնացել է։ Հիմա մենք պետք է այդ բջջին համոզենք, որ ակտիվանա, իր ֆունկցիաները կատարի, մյուս բջիջներին հաղթի ու հրաժարական տա, թողնի գնա: Երբ ինքը հրաժարական տա, մենք ընտրելու ենք նոր վարչապետ, որի տունը հիմա խուզարկում են»-նշեց նա: