Ամբողջությամբ տեղյակ չեմ, բայց այն, ինչ որ հրապարակվել է, որպես իրավաբանական կրթություն ստացած մարդ, ասեմ, որ այդտեղ իրավական աբսուրդ կա. Մի կողմից ասում են, եթե չեմ սխալվում, շահույթը շատացրել են հարկերից խուսափելու հաշվին, մյուս կողմից ասում են վնաս է տվել ընկերությանը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՔԿ–ի այսօրվա հաղորդագրությանը, ըստ որի Սամվել Կարապետյանը և ևս 35 անձ ձերբակալվել է։
«Այսինքն իր սեփական ընկերության ինչով պետք է վնաս տար։ Հաշվի առնելով, որ գործը ամբողջությամբ չենք տեսել, չեմ կարող ասել, բայց այս հակասությունները գալիս են գործի կարված լինելուց։ Երբ գործը կարում են, ինչ-որ բան պիտի ստեղծեն, առաջանում են հակասություններ, ճշմարտություն չկա։ Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, երբ պետությունը ժամանակավոր կառավարիչ նշանակեց և մենք այլևս չէինք տնօրինում ՀԷՑ–ը, իմ կողմից եղել է հստակ առաջարկ՝ եկեք ընդունում–հանձնում անենք, այդ թվում և էլեկտրաէներգիայի կիլովատի, և մնացած նյութական արժեքների, և ՊԵԿ–ը թող գա բոլորի հետ միասին ստուգի, տեղեկանք տա, թե ինչ է կատարվել։
Բնականաբար իշխանությունները հրաժարվեցին, իսկ դա հուշում է, որ մի բան պետք է սարքեին։ Եթե ազնիվ լինեին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, իրենց շահերից էր բխելու, մեզ մասնակից դարձնել այս ամեն ինչին և ֆիքսվեր էս եղածը։ Բայց այդքան դիմումներից հետո որևէ ձևով չարձագանքեցին»,–ասց նա։
Դավիթ Ղազինյանը համոզմունք հայտնեց, որ այս ամենն արվում է, որպեսզի «Ուժեղ Հայաստանը» կողմ արտահայտվի ալիևյան սահմանադրությանը. «Ո՞նց եք պատկերացնում՝ Սամվել Կարապետյանին ձերբակալեին, ասեին՝ գիտես ինչ, դու չես ուզում Ալիևի պարտադրած սահմանադրությունը անցնի, դրա համար քեզ տանում ենք կալանավորենք։ Առնվազն հիմարություն է նույն մարդու կամ նույն ուժի հետ կապված մի քանի անգամ նույն բանը փորձելը, իմաստը ո՞րն է, հաճո՞ւյք են ստանում։
Ես չեմ բացառում, որ Սամվել Կարապետյանին նորից տանեն կալանքի։ Ամենակարևորը այստեղ այն է, որ այս իշխանությունները պարելով Ադրբեջանի նվագի տակ, ենթարկվելով Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններին, իրենց հանգիստ չի տալիս որ կա հայ ազգի մեջ պայքարող տեսակ»,–ասաց նա։
Հարցին՝ կարո՞ղ է հաջորդը իր հետևից գան, Ղազինյանը պատասխանեց. «Անկեղծ ասեմ՝ չեմ բացառում, պատրաստ եմ, ու յուրաքանչյուրս ենք պատրաստ։ Եթե էդ իրանց քննչականը, ԱԱԾ–ն չլիներ, ո՞վ են իրանք։ Իրենք բացարձակապես իմ անձնական կարծիքով հենվում են ուժայինների վրա»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։
Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։











