Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանն ավարտվեց անհեթեթ ու ակնարկներով լի բանավեճով։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հիշեցրեց պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի ասած մի քանի արտահայտություններ և ընտրակեղծիքների մասին պնդումների համատեքստում հիշեցրեց, որ նման գործընթացներին անմիջական առնչություն ունի ԲԴԽ-ում Փաշինյանի դրածո Գագիկ Ջհանգիրյանը։

Փաշինյանն արձագանքեց՝ հայտարարելով, որ անկախ նրանից, թե ով որտեղ է եղել, Հայաստանում բոլոր սահմանադրական հանրաքվեները կեղծվել են, և դա ակնհայտ փաստ է։

«Մենք չենք քննարկում, թե ով որտեղ է եղել, և ոչ էլ՝ դուք որտեղ եք եղել, թե չէ կարող է պարզվել, որ դուք էլ եք եղել ակտիվ կեղծարարների թվում։ Մենք ասում ենք, որ ժողովուրդը պետք է իրավունք ունենա լեգիտիմ սահմանադրություն ունենալու»,- հայտարարեց Փաշինյանը, ինչից հետևում է, որ ինքն արդեն իններորդ տարին իշխանության է ոչ լեգիտիմ սահմանադրությամբ։

Փաշինյանը ենթադրեց, որ ընդդիմությունը, Ալիևի անունը տալով, փորձում է վարկաբեկել խաղաղության գործընթացը։ «Թեթևացրեք ձեր հոգին ու ասեք, որ այս դահլիճում հայտնվել եք խաղաղությանը խոչընդոտելու համար»,- առաջարկեց նա՝ հավելելով դիտարկում ինչ-որ երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլաիչի» մասին, ինչը հստակ ակնարկ էր ՌԴ-ում կուսակցության առաջնորդի ինչ-ինչ կապերի վերաբերյալ։

Ղազարյանը հայտնեց, որ նշված անձանց ծանոթ չէ, և հիշեցրեց սեպտեմբերի 27-ին Փաշինյանի տված հավաստիացումները՝ «ոչ մի միլիմետր Արցախից, Հայրենիքից»։ Մարդիկ ձեր կոչով գնացին ռազմաճակատ, հիշեցրեց Ղազարյանը։

Փաշինյանը հակադարձեց հերթական ակնարկներով՝ հեղաշրջման մասին խոսակցությունների, միլիոնավոր դոլարների, «Տոյոտա Երևան»-ի, «Փլեյ Սիթի»-ի վերաբերյալ։ Անսպասելիորեն վերադառնալով թեմային՝ Փաշինյանը հայտարարեց. «Դուք Վասիլիչին չգիտեք, որովհետև դեռ այդ մակարդակին չեք հասել։ Ձեր շարքում ոչ ոք չգիտի, ոչ ոք այդ մակարդակին չի հասել։ Իսկ ես ձեզ գիտեմ։ Արյան անալիզի մակարդակով։ Գիտեմ՝ ինչով եք շնչում, ինչու եք հազում ու փռշտում։ Դուք շատ կանխատեսելի եք և սպառել եք ձեզ»,- քամահրանքով հայտարարեց Փաշինյանը։ Ընդհանուր առմամբ, նա չորեքշաբթի օրերի կառավարության հարցուպատասխանը մի տեսակ «Էներջայզեր» (մարտկոցների ապրանքանիշ) է համարում: