Ժողովուրդը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ նույնիսկ պատերազմի սպառնալիքի ներքո «ՔՊ»-ին սահմանադրական մեծամասնություն չտալով. սա փաստ է։ Դրա մասին նոյեմբերի 18-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ժողովուրդն իր ընտրությունն արել է։ Մենք դիմել ենք ՍԴ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով, իսկ «Քաղաքացիական պայմանագիրն» ամեն կերպ պաշտպանում էր ԿԸՀ որոշումը՝ գիտակցելով, որ Սահմանադրությունը փոխելու հարցով հանրաքվեի նախաձեռնություն առաջադրելու հնարավորություն չի ունենալու։ Պարզվում է՝ այս ամենը տեղի է ունենում արտաքին պահանջով։

Ձեր հռետորաբանությունը նախկինում հանգում էր սահմանադրական փոփոխություններին։ Դուք երբեք կասկածի տակ չեք դրել Սահմանադրության նախաբանը, ինքներդ վկայակոչել եք այն, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը որևէ խնդիր չի առաջացնում։ Սա հայտարարել է ձեր իշխանության օրոք ձևավորված ՍԴ-ն։

Ստորագրե՛ք նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Սահմանադրությունը դրա հետ որևէ կապ չունի, դա մեր ներքին գործն է»,- նշել է Վարդևանյանը։

Փաշինյանը դրան պատասխանել է. «Ղարաբաղյան շարժումը և հետագա այլ գործընթացները տարածաշրջանում պատերազմական վիճակ են ստեղծել, մեր պատերազմն ուղղված է այդ իրավիճակի վերացմանը»։

Նա վստահեցրել է, որ եթե ընդդիմությունն իշխանության լիներ, պատերազմ կսկսվեր՝ հաշվի առնելով Շաքիի իրադարձություններին և այլ իրադարձությունների նրա արձագանքը։ «Մենք ժողովրդին խաղաղություն ենք բերելու, և ընդդիմությունը չի կարողանալու մեզ կանգնեցնել, նա ի վիճակի չէ»։

«Ժողովուրդը կարող է մեզ կանգնեցնել խաղաղության ճանապարհին։ Ո՛չ մենք ենք որոշելու, ո՛չ ընդդիմությունը։ Հայաստանի քաղաքացիներն են որոշելու։ Մենք ձեզանից յուրաքանչյուրի առջև դնելու ենք Ադրբեջանի և Ալիևի հետ խաղաղության պայմանագիրը, և դուք եք որոշելու՝ ստորագրո՞ւմ եք այն, թե՞ ոչ։

Ով էլ Հայաստանի անունից ստորագրի խաղաղության պայմանագիրը, այն 50 տոկոսով ալիևյան է լինելու, այլ տարբերակ չկա։ Եթե ընդդիմությունը դեմ է դրան, ապա ամեն օր մեզ դրդում է նրան, որ մարդկանց ուղարկենք «Բայրաքթարների» հարվածների տակ զոհվելու»,- պատասխանել է Փաշինյանը։

«Մենք հավատում ենք խաղաղությանը և այն բերելու ենք առանց Սահմանադրության նախաբանը փոխելու, մենք տեսնում ենք այդ ճանապարհը։ Մենք ժողովրդին խնդրել ենք աջակցել մեզ։ Հայաստանում պետք է փակել քաղաքական գործընթացների էջը։ Խորհրդարանի ամբիոնից վարչապետը չպետք է ասի՝ ով պետք է նստի, իսկ ով՝ ոչ։ Դա պետք է որոշեն դատարանները»,- դրան ի պատասխան հայտարարել է Վարդևանյանը։

«Նրանք պաշտպանում են Սահմանադրությունը, որովհետև մենք մինչ օրս տեսել ենք ընտրակաշառքով զբաղված անձանց արդարացնող դատարաններ, կոռուպցիոներներին և 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակվա մարդասպաններին ազատ արձակող դատարաններ։ Այս մարդկանց այս դատարանն է պետք, որ կարողանան իրենց թալանածը մարսել։ Թույլ չենք տա, մենք կանգ չենք առնելու։

Վարդևանյանը հայտարարեց, որ իրենք շարունակելու են ղարաբաղյան շարժումը և խաղաղություն են բերելու։ Ես ընդհանրապես խնդիր չունեմ։ Քաղաքացինե՛ր, միացե՛ք նրանց, ես զզվել եմ այս իշխանությունից, դո՛ւրս եկեք և հնարավորինս շուտ հեղափոխությո՛ւն արեք։ Եթե ասեք, որ ինձ պետք է գնդակահարել, ես խնդիր չունեմ։ Հենց թեկուզ վաղը գնացե՛ք նրանց հետևից, ես հրաժարական կտամ, իսկ դուք սկսե՛ք ղարաբաղյան շարժումը և խաղաղությո՛ւն հաստատեք։

Բայց քանի դեռ ես վարչապետի պաշտոնում եմ, բուլդոզերով խաղաղությունն անշրջելի ենք դարձնելու՝ ցանկացած գնով»,- եզրափակել է Փաշինյանը։