Էներգետիկայի փորձագետ Արմեն Մանվելյանը վստահ է, որ Հայաստանը ռուսական գազին այլընտրանք չունի։ Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 23-ին կայացած պանելային քննարկման ընթացքում։
Փորձագետը հիշեցրել է, որ գազը յուրահատուկ ապրանք է, և, ի տարբերություն նավթի, գազի համաշխարհային գներ չկան։ Տարածաշրջանում գներն ավելի շատ կապված են եվրոպական շուկաների հետ․ այժմ Եվրոպայում գազի մեծածախ գինը 900-1000 դոլար է, իսկ սպառողների համար՝ ավելի բարձր։ «Էժան գազ չկա ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Իրանում։ Գազը մատակարարվում է երկու անգամ ավելի բարձր գնով, քան այն, որով մենք ստանում ենք ՌԴ-ից։ Գազի դեպքում կա 2 գին՝ քաղաքական և շուկայական։ Մենք վճարում ենք քաղաքական սակագնով, քանի որ կա ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ։ Հարստացված ուրանն էլ ենք ավելի էժան ստանում։ Եթե սկսում ես խաթարել այդ հարաբերությունները, իրավիճակն անդրադառնում է գազի գնի վրա», - նշել է փորձագետը՝ կոչ անելով աղոթել, որ անբարենպաստ զարգացումների դեպքում գներն աճեն ընդամենը 69-70 տոկոսով։
Փորձագետ Արա Մարջանյանը պարզաբանել է, որ Իրանը չի կարող մատակարարել Հայաստանին անհրաժեշտ ծավալի գազ։ Իրականությունն այն է, որ Վրաստանի տարածքով մատակարարվող ռուսական գազին այլընտրանք չկա։ Նա կոչ է արել չհավատալ այն հավաստիացումներին, թե մեկ աղբյուրից կախվածությունը կարելի է փոխարինել տարբեր աղբյուրներից կախվածությամբ։ Եթե Սինգապուր կամ Մոնակո լինեինք, գուցե դա հաջողվեր, սակայն ո՛չ աշխարհագրությունը, ո՛չ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, ո՛չ էլ տեխնիկական և տնտեսական հնարավորությունները Հայաստանին նման հնարավորություն չեն տալիս, նշել է փորձագետը։











