ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանում անհրաժեշտ է նոր միջուկային էներգաբլոկ կառուցել։ Այն կփոխարինի գործող Հայկական ԱԷԿ-ին՝ շահագործման ժամկետի ավարտից հետո։

Նրա խոսքով՝ իշխանություններն ակնկալում են, որ 2027 թվականին այս հարցում արդեն հստակություն կլինի։

«Չափազանց արդիական ու կարևոր է, որ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցվի, որը կփոխարինի գործողին՝ դրա շահագործումից դուրս բերելուց հետո։ Սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա ապագայում ապահովել մեր երկրի անվտանգությունը»,— հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը ներկայացրել է նաև Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ընթացքը։ Էներգաբլոկի նախագծային ժամկետն ավարտվել էր 2016 թվականին, որից հետո կառավարությունն այն երկարացրել էր տասը տարով։

«Այս ուղղությամբ նախապես պլանավորված ցանկով իրականացվել են մի շարք տեխնիկական միջոցառումներ, և ծրագիրն ամբողջությամբ կատարվել է»,— նշել է կառավարության ղեկավարը։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը, հաշվի առնելով միջազգային փորձը, որոշել է երկրորդ անգամ երկարացնել երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը՝ 2026-ից մինչև 2036 թվականը։ Այդ նպատակով նախատեսվում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ։

«Կառավարության 2023 թվականի թիվ 395 և թիվ 1597 որոշումներով այս աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 160 միլիոն դոլար։ Աշխատանքների շուրջ 60%-ն արդեն ավարտված է, մնացածը՝ ընթացքի մեջ»,— հայտնել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է Հայկական ԱԷԿ-ի առանձնահատուկ դերը երկրի անխափան էլեկտրամատակարարման ապահովման և անվտանգության ամրապնդման գործում։

Նա կարևորել է նաև միջուկային էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցությունը։ Վարչապետի խոսքով՝ միջազգային գործընկերները երկար տարիներ աջակցում են Հայաստանին ատոմակայանի անվտանգության բարձրացման հարցում, և կառավարությունը բարձր է գնահատում այդ աջակցությունը։

Անդրադառնալով նոր էներգաբլոկի կառուցմանը՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ 2027 թվականին իշխանություններն արդեն հստակ կպատկերացնեն ծրագրի հետագա քայլերը։