Լոռիի մարզի Ջրաշեն համայնքում այսօր` հունիսի 9-ի լուսադեմին տեղի ունեցած գայլերի հարձակումը լուրջ վնասներ է պատճառել գյուղի բնակիչ Սուրեն Հակոբյանի ընտանիքին: Ինչպես Ջրաշենից NEWS.am-ին հայտնում է Լոռիի թղթակիցը, գայլերը, բնակիչների պատմելով, եղել են ոհմակով:
Հակոբյանների տունը գտնվում է հենց գյուղի կենտրոնում, բնակիչները սարսափով պատմել են, որ սա կարող էր ողբերգություն դառնալ, քանի որ դրսում այդ պահին կարող էր մարդ լինել ու նրանց կհոշոտեին:
«Մոտ 800 հազար դրամի վնաս ենք կրել, ընտանիքս սրանով էի պահում, հիմա չգիտեմ ինչ անեմ, բոլոր հոշոտված անասուններին մորթել, տարել հորել ենք»,-պատմեց նա, նշելով, որ հոշոտվել է 11 ոչխար, եւս 4-ին գայլերը վիրավորել են, որոնք, ըստ տանտիրոջ, չեն ապրի:
Ջրաշեն համայնքում սա այս տարվա առաջին դեպքն էր, սակայն գյուղը պարբերաբար ենթարկվում է գայլերի հարձակումների, անցած տարվա ընթացքում Ջրաշենում գայլերը 105 ոչխար են հոշոտել:
Հակոբյանների ընտանիքը բաղկացած է 18 անձինց, որոնցից 6-ն անչափահաս երեխաներն են, ընտանիքում աշխատողներ չկան:
«Ոչխարները մեր ապրուստի միակ միջոցն են, կառավարությունը եթե լավ կառավարություն լինի, մեզ կփոխհատուցի, էս մեր ապրուստն էր, հիմա մենք չգիտենք թե ինչ անենք»,-ասաց տան անդամներից Յուրիկ Հակոբյանը, հավելելով, որ սատկած ու վիրավոր անասունների միսն իրենք թաղել են, որովհետեւ այն պիտանի չէր օգտագործման համար:
Ջրաշենի գյուղապետ Վարդան Ուռուսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ ոչ մի անգամ չի եղել նման դեպք, որ գայլերն հասնեն գյուղի կենտրոն ու մտնեն բնակչի բակ:
«Ոչ մի անգամ գայլերը գյուղամեջ չեն մտել, էս փաստն արդեն վտանգավոր է: Եղել են դեպքեր, երբ դաշտում են վնասել ոչխարներին, բայց բնակիչներին էսքան մոտ, առաջին անգամ է ու շատ վտանգավոր: Գյուղում մի որսորդ կա, բայց ինչ կարող է անել, էստեղ պետական օգնություն է հարկավոր»,-ասաց նա: Համայնքի ղեկավարն ասում է նաեւ, որ անցած տարվա խոշոր վնասի դիմաց էլ տուժած բնակիչը փոխհատուցում չի ստացել: «Բոլորին էլ տեղյակ եմ պահել, անգամ գյուղնախարարին, բայց ոչ մի օգուտ: Ես եմ մի քիչ օգնել էդ ընտանիքին, բայց իմ օգնությունն ինչ, մի 10 տոկոսի փոխհատուցում էլ չի կազմել, էս ընտանիքին էլ գյուղապետարանի միջոցներով կփորձենք օգնել, բայց մեր բյուջեն էլ էնքան քիչ է, ոչ մի օգուտ չենք կարողանա տալ էդ ընտանիքներին, իսկ կառավարությունն ու գյուղնախարարությունն էլ անտարբեր են»,-ասաց Ջրաշենի համայնքապետը:
Լուսանկարներն ու տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











