Ռեփեր Տիմատիի եւ ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովի միջեւ սկանդալը պատվիրել էր ադրբեջանցի օլիգարխը, պնդում է ռուսական «Վոսմոյ կանալը»: Ըստ հեռուստաալիքի` փոփ արքան իբր այդ կերպ վճարել է  գործարարի ծնունդին ելույթ չունենալու պատճառով։

«Լրատվամիջոցները պարզել են, որ ռեփերին կլորիկ գումար են վճարել, որպեսզի նա հրապարակայնորեն կեղտ շպրտի Ֆիլիպ Կիրկորովի վրա: Իբր ինչ-որ օլիգարխ Ադրբեջանից այդպիսով փորձել է վրեժ լուծել երգչից` իր ծնունդին ելույթ չունենալու համար: Բացի ֆինանսական օգուտից` Տիմատին ստացել է իր նոր ալբոմի  անվճար PR», - ասվում է հեռուստաալիքի կայքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երկու կատարողների կոնֆլիկտում վերջին կաթիլը  դարձել էր Տիմատիի տեսահոլովակը, որտեղ նա ծաղրել էր ոչ միայն փոփ արքային, այլեւ ամբողջ շոու բիզնեսը: Նա տեսահոլովակը նկարահանել էր «Դե, ցտեսություն»-ի հիման վրա: Կոնֆլիկտն սկսվել էր «ՄՈՒԶ TV»-ի մրցանակաբաշխությունից հետո:

Տեսահոլովակում Տիմատին եւ նրա ընկերները չեն վախեցել պատմել ռուսական էստրադայում ծախուության մասին: Հասել է նաեւ Ֆիլիպ Բեդրոսովիչին:

Մինչդեռ, ինչպես հայտնում է Vesti.az-ը, տեղեկությունն այն մասին, որ կոնֆլիկտը պատվիրված է եղել ադրբեջանական օլիգարխի կողմից, հերքել են ինչպես Տիմատիի, անպես էլ Կիրկորովի ներկայացուցիչները: