Ռուսաստանցի երգչուհի Ժաննա Ագուզարովան նշում է իր ծննդյան տարեդարձը. «Բրավո» խմբի նախկին մենակատարը դառնում է 50 տարեկան:
Արտասահմանյան աստղերից Ժաննա Ագուզարովային կարելի է համեմատել Լեդի Գագայի հետ, գրում է «Ուզնայ վսյո»-ն:
Ժաննայի կենսագրությունից քիչ բան է հայտնի: Մասնավորապես, հայտնի է, որ Մոսկվայում նա սովորել է ներկարարական տեխնիկումում, սակայն դառնալով «Բրավո» խմբի մենակատար, նա խմբի երեքամյա գործունեության ընթացքում բառացիորեն խումբը հասցրեց հանրահայտության պիկին:
Այն ժամանակ հայտնի «Երաժշտական ռինգ» ծրագրում Ագուզարովային ներկայացրեց ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչեւան:
Ագուզարովան իր կյանքում հայտնվել է եւ Բուտիրյան բանտում, եւ դատական հոգեբուժության ինստիտուտում, եւ ուղղիչ աշխատանքներ է կատարել Տյումենի մարզի «Լեսպրոմխոզ»-ում:
Խորհրդային իշխանությունը հատուկ վերաբերմունք ուներ ռոք երաժիշտների նկատմամբ 1980-ականներին:
«Բրավոյից» հեռանալուց հետո Ագուզարովայի կարիերան այնքան էլ հարթ չի ընթացել: Նա 1990-ականներին մեկնեց ԱՄՆ, որտեղ հանդես էր գալիս ռեստորանում եւ աշխատում որպես վարորդ, սակայն «Բրավոյի» բոլոր հոբելյանական համերգներն անցնում էին նրա մասնակցությամբ:
Ներկայումս Ժաննա Ագուզարովային կարելի է լսել միայն ակումբներում: Երգչուհու վերջին ալբոմը թողարկվել է 2003-ին:











