Հյուսիսկորեական պետական հեռուստատեսությունը երկու անգամ կադրեր է ցուցադրել, որոնցում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին ուղեկցում է երիտասարդ մի կին: Փորձագետները ենթադրում են, որ պետության ղեկավարի կողքին կամ կինն է, կամ` քույրը, գրում է NEWSru.com-ը:

Առաջին անգամ կարճ կտրած մազերով քսանից մի փոքր ավելի տարիքի կինը Կիմ Չեն Ընի հետ երեւացել է հուլիսի 7-ին: Արդեն հաջորդ օրը սեւ կոստյումով եւ կարճ սանրվածքով  երիտասարդ կինը կրկին հայտնվել է պետական հեռուստատեսության եթերում, այս անգամ` երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի մահվան տարելիցի կապակցությամբ Կիմ Չեն Ընի Փհենյանի պալատ այցի հեռարձակման ընթացքում:

Ընդ որում, երբ Կիմը հարգանքի տուրք էր մատուցում հոր եւ պապի արձաններին ու դիմանկարներին, կինը մնացած զինվորականներից եւ պաշտոնյաներից մի փոքր առաջ էր կանգնած, ինչը վկայում է նրա հատուկ դիրքի մասին, գրում են լրատվամիջոցները:

ԿԺԴՀ-ի մի շարք փորձագետների կարծիքով` անծանոթուհին կարող էր Կիմ Չեն Ընի քույր Ե-Չժոնը լինել` ծնված 1987թ.: Ոմանք էլ ենթադրում են, որ երիտասարդ կինը համերգին ելույթ ունեցող նվագախմբի ղեկավարներից մեկն է կամ նույնիսկ` Կիմ Չեն Ընի կինը:

Լրագրողները վաղուց են փորձում գուշակել Կիմ Չեն Ընի հնարավոր կնոջ տեսքը, որի հետ նա, ըստ ասեկոսեների, ամուսնացել է 2010թ. մայիսին:

Նոր առաջնորդի ենթադրյալ կինը, որի անունը մնում է անհայտ, ավարտել է Կիմ Իր Սենի անվան համալսարանը եւ ուսումը շարունակում է գիտական աստիճան ստանալու նպատակով: Աղջկա հայրը, որոշ տվյալներով, պրոֆեսոր է, մայրը` բժիշկ-գինեկոլոգ:

Աղջիկը լրատվամիջոցների ուշադրությանն արժանացել է այն բանից հետո, երբ մեկ տարուց մի փոքր ավելի առաջ նրա տան մոտ հաճախ սկսել են նկատել նվերներ տանող Մերսեդեսների շարասյունը: