«Ի պաշտպանություն Վահե Ավետյանի» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր` օգոստոսի 2-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության մոտ, բողոքի ակցիա էր կազմակերպել: Այս մասին հաղորդեց NEWS.am-ի թղթակիցը: Ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ ժամեր առաջ իրենց բողոքի գործողությունները տվեցին արդյունք, քանի որ մեղադրանքը վերաորակավորվեց: Նրանք, սակայն, դժգոհ են վերաորակավորումից,քանի որ կարծում են, որ հնարավոր չէր անզգույշ կերպով մարդուն հասցնել այն վիճակին, ինչին հասցրել են Վահե Ավետյանին: Նրանց փոխանցմամբ`վերաորակմամբ կոծկման գործընթաց է ընթանում, հետեւաբար` նրանք մտադիր են պայքարը շարունակել այնքան ժամանակ մինչեւ մեղավորները պատժվեն: Ակցիայի մասնակիցները դժգոհ էին նաեւ, որ գործի քննությունը հայտնվել է մարտի 1-ով գործի քննիչ Վահագն Հարությունյանի ձեռքում: Նրանք նաեւ տեղեկացին, որ Վահե Ավետյանի հոր փաստաբանին արդեն տրամադրել են անհրաժեշտ փաստաղթղթերը, եւ նա այժմ ծանոթանում է դրանց:
Ակցիան ընթանում է խաղաղ, առանց միջադեպերի:
Ակցիայի մասնակիցներին փոխանցեցին, որ Հատուկ քննչական ծառայությունում պատրաստ են ընդունել նրանց, լսել եւ տալ ցանկացած հարցի պատասխան, բայց նրանք հրաժարվեցին բարձրանալ վերեւ: Ավելի ուշ ցած իջավ Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի պետ Արսեն Այվազյանը, ով եւս շեշտեց, որ պատրաստ է ընդունել ակցիայի մասնակիցներին,լսել նրանց եւ տալ սպառիչ պատասխաններ: Ակցիայի մասնակիցները իրենց վեր չբարձրանալը պատճառաբանեցին այն հանգամանքով, որ դեմ են ցանկացած փակ հանդիպման: Ավելի ուշ, երբ Արսեն Այվազյանը բարձրացավ վերեւ, Վահե Ավետյանի հոր փաստաբան Լուսինե Հակոբյանը բարձրացավ վերեւ` ծանոթանալու գործի նյութերին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ոստիկանությունը վերաորակավորել եւ խստացրել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում զինվորական բժիշկներին ծեծի ենթարկելու գործով կալանավորված անձանց առաջադրված մեղադրանքները: Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք է առաջադրել: Նախկինում կալանավորված անձանց մեղադրում էին միայն Քր.օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):
Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին:











