Վանաձորի քաղաքապետի եղբորը`  Սեյրան Դարբինյանին պատկանող  «Արգիշտի 1» ճանապարհաշինական կազմակերպությունը տուգանվել է Լոռիի ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհային ծածկույթը  վնասելու համար: Ինչպես NEWS.am-ին հայտնում է Լոռիի թղթակիցը, նշված ընկերության RBK-500 մակնիշի թրթուռավոր ծանր տեխնիկան այսօր`օգոստոսի 13-ին շրջել է Վանաձորի մի քանի փողոցներով, քանդելով ճանապարհի ասֆալտը:  Նշված տեխնիկան ասֆալտապատ ճանապարհով վարելն օրենքով արգելված է: Այն տեղափոխելու համար անհրաժեշտ է հատուկ տրանսպորտային միջոց`քարշակ:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում վանաձորցիները դժգոհել են, որ Վանաձորի ճանապարհները «բարեկարգող» ընկերությունը ինքն է քանդում ճանապարհը: «Դե լավ է էլի, հիմա էս տեխնիկան ասֆալտը կքերի, էգուց էլ քաղաքապետը նորից գումարներ կհատկացնի, սա էլ այն դեպքում, երբ քաղաքի ասֆալտապատումը գտնվում է խայտառակ վիճակում»,- ասել են նրանք, կարծելով, որ ճանապարհային ոստիկանները «դուխ չեն անի» տուգանել քաղաքապետի եղբոր կազմակերպությանը պատկանող տրանսպորտային միջոցի վարորդին, սակայն  դեպքի վայր ժամանած  Ճանապարհային ոստիկանության երկրորդ գումարտակի 5-րդ սպայական վաշտի առաջին դասակի ավագ տեսուչ Սիմոն Դավթյանը տեղում կազմել է արձանագրություն` վարչական իրավախախտումների մասին օրենքի 140 հոդվածի առաջին մասով,  տուգանել 30 հազար դրամով (Ճանապարհները,երկաթուղային գծանցները, ճանապարհի այլ ինժեներական կառույցները կամ ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկականմիջոցները վնասելը, փակելը, հանելը կամ տեղադրելը, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության համար խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում`ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առեւտուր իրականացնելու, շինարարականնյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու միջոցով) եւ դադարեցրել մեքենայի շահագործումը:  Ոստիկանությունն իր գործն արել է, մնում է քաղաքապետարանը համապատասխան արձանագրություն կազմի համայնքային սեփականությունը վնասելու, կամ էլ ինչպես վանաձորցիներն էին ասում` պաշտոնական դիրքը չարաշահելու եւ սեփական նախաձեռնությամբ արգելված տրանսպորտային միջոցով քաղաքում երթեւեկելու համար:

Մեզ հասած տեղեկություններով` մի շարք անձինք զանգահարել են ճանապարհային ոսիկանություն ու փորձել համոզել, որ արձանագրություն չկազմվի, սակայն նրանց զանգերը այդպես էլ Լոռիի ճանապարհային ոսիկանները հաշվի չեն առել ու շարժվել են օրենքով:

Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի