Ադրբեջանն իր կատարած քայլով վարկաբեկեց ինքն իրեն ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, այլեւ ամբողջ աշխարհի եւ մարդկության առջեւ: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու եւ Ի.Ալիեւի կողմից նրան ներում շնորհելու ու հերոսացնելու փաստին:

«Ադրբեջանն իր կատարած քայլով վարկաբեկեց ինքն իրեն ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, այլեւ ամբողջ աշխարհի եւ մարդկության առջեւ: Եթե նրանք կարողանում են քնած մարդուն սպանողին սարքել ազգի հերոս, դա արդեն խոսում է տվյալ երկրի մտածելակերպի մասին»,- ասել է Ծառուկյանն ու հավելել. «Աշխարհը գիտի, որ պատերազմում հաղթողը մենք ենք եղել: Հաշվի են նստում ուժեղի, հզորի հետ: Դրա համար պետք է մենք կարողանանք ուժեղ լինել, որ խաղաղ պայմաններում մեր բոլոր խնդիրները լուծենք, բոլորն էլ կարողանան բարեկեցիկ կյանքով ապրել, իրենց երջանիկ զգան՝ իրենց ընտանիքում, իրենց առօրյայում եւ գործում: