Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր` սեպտեմբերի 13-ին հետաձգվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Նիստը հետաձգելու պատճառը ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան չունենալու հանգամանքն էր: Նա հրաժարվում է պաշտպան ունենալուց: Սակայն դատարանը որոշեց, որ հաջորդ դատական նիստին նա հանդես գա փաստաբանով, ով կիրականացնի իր շահերի պաշտպանությունը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 24-ին ժամը 15.00-ին: Դատավորը առաջարկեց նաեւ, որ այսուհետ ամեն չորեքշաբթի օրերին փաստաբանները նիստեր չնշանակեն, որպեսզի հնարավոր լինի այդ օրն իրականացնել «Հարսանքարի» գործով դատական նիստը:
Դատական նիստից հետո Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբան Տիգրան Ենգոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հաջորդ դատական նիստին իրենք էլ են միջնորդություններով հանդես գալու, սակայն ժամանակից շուտ չցանկացավ ռազմավարական գաղտնիքներ բացել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` սեպտեմբերի 13-ին մեկնարկել է «Հարսնաքարի» գործով դատավարությունը: Նշենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք էր առաջադրել: Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):
Լուսանկարը եւ տեսանյութը՝ Արսեն Սարգսյանի











