Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող անօթեւան ընտանիքներից առավել անմխիթար վիճակում են նրանք, որոնք տարաբնույթ պատճառներով դուրս են մնացել 2010 թվականից աղետի գոտում իրականացվող` երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրից: Քաղաքում այդպիսի ընտանիքների թիվը, մեր ուսումնասիրություններով եւ մոտավոր հաշվարկներով, առաջիկա ամսին սպասվող բնակարանների բաշխումից հետո կկազմի 4000-ից 4500:

«Շիրակ կենտրոնը» տեսանյութեր պատաստելու եւ օգնություն տրամադրելու նպատակով շարունակում է այցելությունները տնակային ավաններ: Ներկայացվող տեսանյութը Գյումրու օդանավակայանի տնակային ավանում, վաղուց շարքից դուրս եկած մի տնակում բնակվող ընտանիքի մասին է: Տեղական իշխանությունն այս մարդկանց բնակարանային փոխհատուցման ենթակա անօթեւանների հերթացուցակում չի հաշվառել, որովհետեւ նրանք երկրաշարժի պահին ապրել են վարձով: Չնայած նրանք 1988-ին հանդիսացել են կոոպերատիվ հիմունքներով կառուցվող մի շենքի ապագա բնակիչներ, սակայն այդ կիսակառույց շենքը եւս երկրաշարժի հետեւանքով փլվել է: