Գյումրիում ամբողջովին ոնչացված այգիներից մեկում`«Կոմերիտմիության այգում» ներկայումս շատ քիչ թվով տնակներ են մնացել. մյուսներում բնակվող անօթեւան ընտանիքները նախորդ տարիներին բնակարաններ են ստացել, իրենց տնակները քանդել ու հեռացել են: Սակայն Վազգեն Սարգսյանի փողոցը հատող, աղբանոցի վերածված այդ տարածքում դեռեւս պահպանվող տասնյակ տնակները տեղահանելու հույս չկա, քանի որ դրանք հիմնականում պատկանում են այն անօթեւան ընտանիքներին, որոնք հաշվառված չեն երկրաշարժի հետեւանքով անօթեւանների հերթացուցակում եւ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:
«Կոմերտմիության այգում» դեռեւս կանգուն է նաեւ կոմերիտուհու արձանը, թեեւ` կիսաթալանված պատվանդանով: Այդ արձանի հարեւանությամբ տեղադրված տնակում է իր երկու դպրոցահասակ երեխաների հետ բնակվում Թերեզա Միքայելյանը: Ուրիշ շատ այլ գյումրեցի ընտանիքների նման նրանց գոյության միակ միջոցը եւս սոցիալական նպաստն է: Այսօր օգնություն տրամադրելու եւ տեսանյութ պատրաստելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, վախենում է, որ կրծողները կմտնեն տնակ ու կվնասեն քնած երեխաներին:











