Տիգրան Սարգսյանը կոչ է արել հանգիստ վերաբերվել իր հրաժարականի մասին լուրերին: Այս մասին վարչապետը ասել է՝ պատասխանելով Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրողի հարցին: ԳԱԼԱ-ի լրագրող հետաքրքրվել է հոկտեմբերի 6-ին Գյումրի այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանից, թե որքանո՞վ են հավաստի նրա հրաժարականի մասին լուրերը, դրանք զուտ խոսակցություններ են, թե՞ նման փոփոխություն իրոք սպասվում է:
«Դուք պետք է համակերպվեք այն մտքի հետ, որ վարչապետի պաշտոնը ով էլ որ ստանձնում է, տարին մի քանի անգամ նրա հրաժարականի հարցը արծարծվում է: Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանն այս հարցին նույնպես բազմաթիվ անգամ անդրադառնում էր, եւ կոչ էր անում լրագրողներին, որ հանգիստ վերաբերվեն նման լուրերին: Ես էլ ձեզ խնդրում եմ, որ հանգիստ վերաբերվեք»,- պատասխանել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:











