2012թ Հոկտեմբերի 7-9-ը բնապահպանության նախարարությունը կազմել է թույլատրված բնապահպանական օրենսդրության խախտումների վերաբերյալ 1 մլն 168 հազար դրամ վնասի հատուցման եւ 500 հազար դրամի վարչական տուգանքի վարույթ:
ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի 2012թ. հոկտեմբերի 5-ի հրամանի` ապօրինի ծառահատումների, բնափայտի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության, հողի վերին շերտի վնասումը կանխարգելելու, ինչպես նաեւ բնության հատուկ պահպանվող եւ դրանց հարող տարածքներ պատահական ստուգայցեր կազմակերպելու նպատակով ստեղծվել է արագ արձագանքման աշխատանքային խումբ:
Աշխատանքային խմբի ղեկավար Գեորգի Պողոսյանի գլխավորությամբ շուրջօրյա հսկողություն է սահմանվել Երեւան-Սեւան M4 եւ Երեւան-Գյումրի M1 միջպետական ավտոճանապարհների վրա:
Խումբն արդեն աշխատանքներ է իրականացրել Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում:
Հոկտեմբերի 9-ին Երեւան-Սեւան M4 ավտոճանապարհի վրա իրականացվող աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է`
Զիլ 09UO660 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 7 մ/խ կողահատ հաճարենի տեսակի տախտակ
Ֆորդ 29ՏU923 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 4 մ/խ կողահատ հաճարենի տեսակի տախտակ:
Զիլ 57ԼՏ563 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 6 մ/խ հաճարենի տեսակի կիսաչոր վառելափայտ:
Վերոնշյալ 3 ավտոմեքենաների վարորդները չհամաձայնելով արձանագրություն կազմելու փաստի հետ, թողել են մեքենաները ու հեռացել: Ոստիկանների ուղեկցությամբ մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժին:
Խմբի աշխատանքները շարունակվում են:











