Գյումրու վագոն-տնակներում բնակվող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կրում է համատարած բնույթ եւ տնակային ավաններում առանց տղամարդ մնացած ընտանիքների թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին:
«Շիրակ կենտրոնի» փոխանցմամբ, աղքատության դեմքը եւս առավել ընդգծված եւ ցայտուն երեւում է տնակային ավաններում: Առհասարակ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երեւույթներ են խտացված տնակային ավաններում, իսկ այնտեղ բնակվող ընտանիքների երեխաների մեծ մասը դպրոցից հետո ուսումը որեւէ տեղ չեն շարունակում:
«Շիրակ կենտրոնը» տեսանյութեր պատաստելու եւ ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունը տրամադրելու նպատակով շարունակում է այցելությունները տնակային ավաններ: Այսօր պատրստված տեսանյութը Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկում` իր երկու աջիկների եւ 4 թոռների հետ բնակվող Ռուզան Քոչարյանի ընտանիքի մասին է: Ռուզանի ամուսինը տարիներ առաջ մահացել է Ռուսաստանի դաշնությունում, արտագնա աշխատանքի ընթացքում: Նրա երկու աղջիկների` 25-ամյա Լիլիթի եւ 28-ամյա Մարիամի ամուսնական կյանքերը չեն դասավորվել եւ նրանք երկուսն էլ միայնակ, առանց ամուսինների խնամում են իրենց մանկահասակ երեխաներին: Լիլիթը եւ Մարիամը դպրոցից հետո ուսումը չեն շարունակել, ուսման վճարի բացակայության պատճառով:











